Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը կներկայացվի տեսանյութերի հետ գեղեցիկ համադրմամբ
Սեպտեմբերի 10-ին երաժշտասերները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարող են վայելել սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականին ձայնագրել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը, որը նոր գործիքավորմամբ 2019 թվականին կատարել է նաև Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում՝ նվիրված մաեստրո Մանսուրյանի 80-ամյակին։ Ձայնագրությունը կատարվել է հեղինակավոր PARMA Recordings-ի հետ համատեղ և մոտ ապագայում թողարկվելու է։
Իսկ մինչ ձայնագրության թողարկումը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ևս մեկ անգամ երաժշտասերներին հնարավորություն է տալիս վայելելու «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ», «Արևիկ», «Հին օրերի երգը», «Յոթ սարից այն կողմ», «Գիքոր», «Կտոր մը երկինք» ֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների մեղեդիները:
Համերգային ծրագիրը կներկայացվի տեսանյութերի և երաժշտության գեղեցիկ համադրմամբ, որը կիրականացվի նորագույն տեխնոլոգիայով։