Կալանավորվել է հանցավոր սխեմայով մեծաքանակ հագուստեղենը միրգ-բանջարեղենի անվան տակ մաքսազերծելու մեջ մեղադրվող 4 անձ
Կալանավորվել է հանցավոր սխեմայով մեծաքանակ հագուստեղենը միրգ-բանջարեղենի անվան տակ մաքսազերծելու և առանձնապես խոշոր չափերով հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու մեջ մեղադրվող 4 անձ: Այս մասին տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից:
«Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 48-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված, այնուհետև ՀՀ Քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՔԿ աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է տնտեսվարող ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրերի հիման վրա, առանց պատշաճ մաքսային հսկողության մեծածավալ ապրանքներ ՀՀ ներկրման տևականորեն կիրառված հանցավոր մեխանիզմ։
Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ, եղբայրներ Ռ. Կ.-ն, Կ.Կ.-ն և Հ. Կ.-ն, փաստացի ղեկավարելով այլ անձի անվամբ հիմնադրված և տնօրինած ՍՊ ընկերության գործունեությունը, տարբեր անձանց պատվերով Թուրքիայի Հանրապետությունից Վրաստանի և Հայաստանի պետական սահմանով 2022 թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ՀՀ են ներկրել առնվազն մի քանի տասնյակ տոննա հագուստ։ Սակայն նախնական համաձայնությամբ և միասնական դիտավորությամբ, մաքսային վճարները առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով, ապրանքների մաքսային հայտարարագրերի մեջ, պատասխանատու անձի միջոցով ապրանքների տեսակների մասին մտցրել են խեղաթյուրված տվյալներ և խաբեության այլ դրսևորմամբ ներկրված հագուստը մաքսազերծել են միրգ-բանջարեղենի անվան տակ: Արդյունքում՝ տնտեսվարողը չարամտորեն խուսափել է ՀՀ պետբյուջե առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական վարույթի շրջանակներում 4 անձ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել է։
Ձեռք բերված տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 4 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 48-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Միջնորդությունը 2022 թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ բավարարվել է։
ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից նշված անձանց ներկայացվել են մեղադրանքներ, և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Դատարանի՝ դեկտեմբերի 20-ի որոշմամբ, միջնորդությունները բավարարվել են, նշված անձինք կալանավորվել են։
Քրեական վարույթով շարունակվող նախաքննությամբ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու, նշված հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: