ՄԱՅՆՑՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Մայնց քաղաք, որտեղ հանդիպում է կայացել Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետ Կուրտ Բեկի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ կառավաության ղեկավարն ու Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես գյուղատնտեսության, ճշգրիտ սարքաշինության, տուրիզմի, դեղագործության ոլորտներում: Քննարկվել է նաև փոքր և միջին ձեռնարկատիրության համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Այնուհետև կառավարության ղեկավարը մասնակցել է Մայնց քաղաքի «Գուտենբերգ» թանգարանում կազմակերպված հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Վարչապետ Սարգսյանը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին: