ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, ով համաներմամբ բանտից ազատ էր արձակվել 2013թ. հունվարի 24-ին, անընդհատ ստացել է վիրավորական խոսքեր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կողմից: Չախալյանը անդրադարձել է այդ վիրավորանքներին և տարածել հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում է.
«Օրերս Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ՝ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով ջավախքահայության նկատմամբ իր քաղաքականությանը, հանդես եկավ հերթական անհեթեթ գնահատականներով իմ քաղաքական գործունեությանը վերաբերող փաստերի կապակցությամբ:
Ազատ արձակվելուցս հետո Սաակաշվիլու կողմից իմ հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով, այն բանի համար, որ խաղաղ և օրինական միջոցներով պայքարել եմ Վրաստանի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար: Սաակաշվիլին նորից ու նորից փաստում է, որ ինձ բանտարկել է ազգային փոքրամասնությունների գծով երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու և դրա դեմ ջավախքահայության արդար բողոքի ձայնը լռեցնելու նպատակով:
Սաակաշվիլին իմ վերաբերյալ ապատեղեկատվություն և սուտ տարածելով այսօր փորձում է կոծկել այն պարզ իրողությունը, որ ինչպես ներքին և արտաքին շատ այլ հարցերում, այս հարցում ևս իր բռնած քաղաքական կուրսը ձախողվել է: Շինծու մեղադրանքներով ինձ դատապարտելը, ջավախքահայ այլ քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները ունեցան հակառակ արդյունք՝ դրանք օգնեցին սևեռել ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը:
Իմ ազատ արձակումը, այո, վրաց նոր իշխանությունների բարի կամքի դրսևորում էր, բայց այն նաև մեծ չափով պայմանավորված էր Ջավախքի բնակչության շարունակական կոչերով և միջազգային հանրային կարծիքի ճնշմամբ, մասնավորապես՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ինձ քաղբանտարկյալ ճանաչմամբ, ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրատարակվող մարդու իրավունքների ամենամյա զեկույցներում իմ խնդրի արծարծմամբ, Ֆրանսիայի խորհրդարանում, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իմ խնդրի բարձրացմամբ և այլն:
Ինչպես և Սաակաշվիլու կողմից իմ հասցեին նախկինում արված բոլոր հայտարարությունները՝ այս հայտարարությունը ևս իմ փաստաբանների կողմից որպես լրացուցիչ ապացույց ուղարկվելու է Մարդու իրավունքերի Եվրոպական դատարան, որտեղ ներկայումս քննվում է իմ բողոքը»:
Նշենք, որ Չախալյանը ձերբակալվել էր 2008 թվականին: