Մանեի «Գարուն» կտավը վաճառվել է 65,1 մլն դոլարով
Իմպրեսիոնիստ գեղանկարիչ Էդուարդ Մանեի «Գարուն» կտավը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է 65,1 մլն դոլարով: Կտավի նախնական գինը կազմել է 35 մլն դոլար:
Մանեի ստեղծագործության համար պայքարել է 6 թեկնածու, սակայն հաղթող է դարձել Օտո Նոմանը, ով ներկայացնում է Լոս Անջելեսի Ջ. Փոլ Գեթիի թանգարանի շահերը:
«Այն գեղեցիկ, սիրով լի նկար է, որը, ամենայն հավանականությամբ, կդառնա թանգարանի այցելուների ամենասիրած գործերից»,-խոստովանել է լոսանջելեսյան թանգարանի տնօրեն Թիմոթի Փոթսը:
«Գարունը» Մանեն նկարել էր 1881-ին: Կտավում պատկերված է փարիզյան դերասանուհի Ժաննա Դեմարսին: