
«Կնքահոր» առանձնատունը վաճառվում է 2,9 մլն դոլարով
Նյու Յորքի Սթեյթեն Այլենդ կղզում գտնվող առանձնատունը, որը 1972թ. «Կնքահայրը» հայտնի ֆիլմում օգտագործվել է որպես Կորլեոնե ընտանիքի առանձնատուն, վաճառվում է 2,9 մլն դոլարով: Այս մասին գրում է The Guardian թերթը:
Առանձնատունը , որ կառուցվել է 1930-ին, զբաղեցնում է 0,2 հեկտար տարածք: Այն ունի 5 ննջասենյակ և 7 լոգասենյակ: Ընդհանուր առմամբ, տանը կա ավելի քան 15 սենյակ, ինչպես նաև` լողավազան, մարզասրահ, խաղասրահ և չորս մեքենաների համար նախատեսված ավտոտնակ:
«Տան սեփականատերերը հսկայական աշխատանք են կատարել: Նրանք վերանորոգել և գեղեցկացրել են առանձնատունը, այդ թվում` առաջին հարկում տեղակայված գրասենյակը՝ փորձելով այն առավելագույնս նմանեցնել ֆիլմում օգտագործված սենյակի ներքին հարդարմանը»,- ասել է անշարժ գույքի գործակալ Ջոզեֆ Պրոֆասին: