Այլ Լուրեր

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
«Հյուսիս-հարավ» ճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի 31 կմ երկարությամբ բետոնե ծածկն ամբողջությամբ ավարտվել է
11/02/2015 13:25
Կիսվել

«Հյուսիս-հարավ» ճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի 31 կմ երկարությամբ բետոնե ծածկն ամբողջությամբ ավարտվել է

Հայաստանի հյուսիսային դարպասը հարավայինին կապող ռազմավարական մեծ նշանակությամբ ավտոճանապարհի Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածի 31 կմ երկարությամբ բետոնե ծածկն արդեն ամբողջությամբ պատրաստ է: Սա «Հյուսիս-հարավ» հսկայի 4 մասերից՝ տրանշներից առաջինն է: Այստեղ, իհարկե, դեռ կիսատ մնացած աշխատանքներ կան՝ մասնավորապես Մարմարաշեն և Բուրաստան համայնքների համար կկառուցվեն վերգետնյա անցումներ. նախագծերն արդեն պատրաստ են, առաջիկայում կմեկնարկեն համապատասխան մրցույթները: Արդիականացվելու են նաև առկա անցումները՝ համապատասխանեցնելով առաջին դասի ճանապարհի պահանջներին:

Ձմռան ընթացքում ծրագրի պատասխանատուները ձեռքները ծալած չեն նստել. կատարվել են թղթաբանական, պայմանագրերի կնքման և այլ մի շարք տեխնիկական աշխատանքներ, նաև ընթանում է ճանապարհի ծածկի լաբորատոր թեստավորումը և փորձարկումները` պարզելու, թե որքանո՞վ է համապատասխանում արդեն պատրաստ ճանապարհի որակը նախանշվածին. արդյունքները կլինեն շուտով:

Իսկ ե՞րբ է նոր ճանապարհը վերջնական տեսքով հանձնվելու վարորդների դատին:

«Այս տարվա ավարտին տրանշ մեկը լիարժեք շահագործման կհանձնվի երթևեկության համար՝ ներառյալ արհեստական կառույցները»,- տեղեկացրեց «Հյուսիս-հարավ»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

Տրանշ 1-ի աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար «Կորսան Կորվիամ» իսպանական շինարարական ընկերության հետ կնքվել է 70.4 մլն. դոլարի պայմանագիր. այս պահին իրականացվել է 47 մլն դոլարի աշխատանք: Առաջիկայում երթևեկությունը կտեղափոխվի աջակողմյան հատված՝ ճանապարհի ձախ մասում կահավորման, ինչպես նաև նկատված թերությունների վերացման և որոշ աշխատանքների վերակատարումն իրականացնելու նպատակով:

Աշտարակ-Թալին: Սա ճանապարհային միջանցքի  2-րդ տրանշն է: Երկարությունը 42 կմ: Հայտնի է, որ այս հատվածով է անցել ավելի քան 7 հազար կիլոմետր երկարությամբ ձգվող Մետաքսի ճանապարհը։ Այս տարածքում հայկական հնագույն քաղաքներ են եղել. փաստում են հայ հնագետները, ովքեր 2013-ից այստեղ պեղումներ են իրականացնում։ Աշխատանքները կատարվում են «Հյուսիս-հարավ» ծրագրի ֆինանսավորմամբ. նոր ճանապարհը չպետք է հաստ բետոնե շերտի տակ թողնի պատմական փաստացի ապացույցները. սա ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է.

«Թե՛ ՀՀ կառավարության և թե՛ Ասիական զարգացման բանկի կողմից խիստ կարևորվում է մեր ժառանգության լավագույնս պահպանումը, և վստահ եղեք, որ ի հաշիվ մեր պատմական ժառանգության որևէ շինաշխատանք չի իրականացվի: Անգամ կառավարությունը պատրաստ է ծրագիրը փոփոխելու, բայց պահպանելու նշանակալի արժեք ունեցող և տեղափոխման անհնարինություն ունեցող ժառանգությունը»,- նշեց «Հյուսիս-հարավ»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

Հնագիտական աշխատանքներն իրականցվում են նախօրոք մշակված ծրագրի համաձայն, որով կարգավորվում է նաև այն հարցը, թե ինչ պետք է անել, եթե շինարարության ընթացքում հնագիտական արժեք ներկայացնող օբյեկտներ հայտնաբերվեն. դադարեցվում են աշխատանքները և գործի են անցնում հնագետները: Այս հարցով սերտ համագործակցություն կա ՀՀ մշակույթի նախարարության հետ:

Տրանշ 2-ում իրականացվում է նաև հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիր: Այդ պատճառով է, որ 42 կմ երկարությամբ ձգվող ճանապարհը կապալառուին տրամադրվում է ենթահատվածներով: Այս պահին դատական լսումներ են անցնում 20 գործեր, որոնք կավարտվեն մեկից երկու ամսում:

Արթուր Սարգսյանը չհերքեց. հողօտարման ծրագրի մեկնարկի ժամանակ եղել են որոշ խնդիրներ թե՛ օրենսդրական դաշտի բարելավման, թե՛ հանրության հետ տարվող աշխատանքի, թե՛ Ասիական զարգացման բանկի կանոնակարգերի կիրառման հետ կապված: Հիմա ամեն ինչ շտկվել է:

«Քանի որ սա վերակառուցման ծրագիր է և 2-3 երթևեկելի գոտի ունեցող ճանապարհը դառնում է 4-6, ապա պարզ է, որ պահանջվելու են հավելյալ հողեր: Ամբողջ 500 կմ հատվածում լինելու են հողօտարման ծրագրեր: Մեր արդեն ունեցած փորձը ինձ թույլ է տալիս ասելու, որ հաջորդ տրանշներում շատ ավելի դյուրին կանցնի»,- ասաց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

Վերադառնալով տրանշ 2-ին նշենք, որ բետոնե ծածկի փռման աշխատանքները կմեկնարկեն եղանակների տաքանալուն պես. ճանապարհը պատրաստ կլինի 2017-ի սկզբում: Այս հատվածի շինարարական աշխատանքների պայմանագրային գինը կազմել է 179.6 մլն ԱՄՆ դոլար, որից այս պահին տրամադրվել է 18 մլն-ը:

Տրանշ 1-ի և 2-ի համար, «Հյուսիս-հարավի» մեկնարկի սկզբից, գումարային տեսքով իրականացվել է 65 մլն ԱՄՆ դոլարի աշխատանք:

Շուտով կհայտարարվեն մրցույթներ տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքներն իրականացնելու համար: Համապատասխանաբար շուրջ 18.7 և 27.5 կմ երկարությամբ ճանապարհների նախագծերն արդեն կան, տրվել է նաև համալիր փորձաքննության եզրակացությունը:

Կառավարությունը ևս արել է իր առաջարկությունները: Այս պահին վերջնականացման փուլում են մրցութային փաստաթղթերը, որ ներկայացվելու են ծրագրի համաֆինանսավորողներ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հաստատմանը, ինչպես նաև հրապարակվելու են համապատասխան կայքերում և միջազգային բիզնես ամսագրերում. «Ակնկալում ենք տեղական, միջազգային ընկերությունների արձագանքը, որոնք կունենան համապատասխան տեխնիկական հզորություններ համապատասխան մրցութային փաստաթղթերի: Եվ ունենալով արդեն հաղթող կազմակերպություն, կմեկնարկեն նաև այդ տրանշի շինաշխատանքները»,- տեղեկացրեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

Տրանշ 4-ի՝ Արտաշատ-Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ուղղությամբ ևս ակտիվ աշխատանքներ են ընթանում: Վերջնական տեսքի է բերվում նախագիծը, կատարվում են ուսումնասիրություններ: Այս հատվածում առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախատեսվում է կառուցել ճանապարհային թունել: Երկարությունը՝ 4.7 կմ, կառուցման վայրը՝ Քաջարանից Մեղրի տանող հատվածում՝ 2400 մ բարձրությամբ լեռան ստորոտում: Ի դեպ, հենց այդ լեռան վրայով է անցնում ներկայիս ճանապարհը.

«Թունելի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն պատրաստ էր անցած տարեսկզբին, պատվիրվել էր կառավարության կողմից: Թունելի աշխատանքներն իրականացվելու են 0-ից: Միջազգային տեխնոլոգիաներին համապատասխան իրականացվելու է թունելի փորման աշխատանքները»,- նշեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Հյուսիս-հարավ» ծրագրի ավարտը նախանշված է 2019-ին, սակայն ծրագիրն արդեն լայնացնում է իր աշխարհագրությունը՝ դուրս գալով Հայաստանի Հանրապետության սահմաններից և ծրագրի հիմնական նպատակը՝ դառնալ տարածաշրջանային ռազմավարական և տնտեսական շահավետ տարանցիկ գոտի՝ արդեն իսկ ուրվագծվում է. հարավից իրանական կողմն է պատրաստ ներդրումներ անել, հյուսիսից՝ վրացական կառավարությունն է արդեն իսկ գործնական քայլեր կատարել:

«Իրանից արդեն կա մեծ հետաքրքրություն այս առումով, նրանք պատրաստ են իրենց միջոցներով ճանապարհները վերականգնել և բերել-հասցնել մինչև մեր սահմանին, այսինքն քաղաքական կամքը կա: Վրացական կողմում մենք ունենք քաղաքական հաջողություն, քանի որ իրենց բյուջեով Խուլոյի հատվածով դեպի Բաթումի ճանապարհի 25 կմ-ի համար նախատեսված են միջոցներ: Եվ պարզ է, որ եթե գումար է հատկացվում ճանապարհի թեկուզ մի կտոր հատվածը վերանորոգելու համար, ապա դժվար թե որևէ կառավարություն թողնի, որ այդ գումարները փոշիանան և չշարունակի այդ աշխատանքները»,- նկատեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

Հյուսիսից հարավ գնացող առաջին կարգի բետոնապատ մայրուղին մի մասն է այն հեռանկարի, որտեղ ավտոմոբիլային ճանապարհով իրար են կապվում արևմուտքն ու արևելքը` Հայաստանը հյուսիսից միացնելով դեպի Սև ծով տանող միջպետական ճանապարհներին, հարավից՝ դեպի Ասիական տնտեսական և առևտրային կենտրոններ ձգվող մայրուղիներին: Հայաստանը հանդես կգա նաև որպես տրանզիտ երկիր՝ նոր հնարավորություններ բացելով բեռնափոխադրողների և բիզնես ծրագրերով հետաքրքրվողների համար, իսկ զբոսաշրջիկների անվտանգ ու բացահայտումներով լի ճանապարհորդության երբեմնի երազանքն արդեն թանձրանում է իրականության պատկերներով:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41