
ՊԵԿ. Մաքսային ծառայությունը համալրվել է ժամանակակից զննող սարքավորումներով
Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի մաքսային հսկողության սարքավորումների մասնագիտացված լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով և ինտերակտիվ ծրագրերով: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Արտահանման վերահսկում և սահմանների անվտանգություն» ծրագրի շրջանակում տրամադրվել է 25 համակարգիչ՝ լրացուցիչ լիցենզավորված, մասնավորապես բեռների, ուղեբեռների և բեռնատարների ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերների վերլուծության ծրագրերով:
Նոր ծրագրի մասնագիտական հմտություններին առավելագույն տիրապետելու նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնում մաքսային ծառայողների համար հատուկ դասընթացներ են կազմակերպվել: Նրանք գործնականում ծանոթացել են նաև տեխնիկական այլ միջոցների, մասնավորապես թմրանյութ և պայթուցիկ հայտնաբերող սարքի, ռադիացիոն փեյջերի, փակ տարածքներում զննման համար նախատեսված տարբեր սարքավորումների կիրառման առանձնահատկություններին: