Հայաստանում ՏՏ ոլորտի բարելավումը ԵՄ-ի առաջնահերթություններից է․ կայացավ հերթական դրամաշնորհային մրցույթը
Հունիսի 29-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը։
Եզրափակիչ փուլ դուրս էր եկել 14 թիմ։ Այս փուլում թիմից մեկ անդամ պետք է մանրամասն ներկայացներ իր ստարտափը, հետագա անելիքները, բիզնես-նախագիծը և կարողանար ժյուրիի անդամներից յուրաքանչյուրին ապացուցել, որ հենց իր թիմն է արժանի ԵՄ կողմից տրամադրվող 35.000 եվրո ֆինանսավորմանը։
Բացի այդ, ժյուրի անդամները հարցերի միջոցով փորձում էին հասկանալ, թե ինչով է յուրահատուկ ներկայացվող ստարտափը, ինչպես է ծախսվելու տրամադրվելիք գումարը և այլն։
Նշենք, որ ժյուրի կազմում ընդգրկված էին IT ոլորտում ճանաչված ու հաջողակ մասնագետները․ «PicsArt Armenia» ընկերության տեխնիկական գծով գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» (ՄԻԿ) տնօրեն Արտաշես Վարդանյանը, «Այբ» դպրոցի տնօրեն և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը, հոլանդական «Crosspring Lab» ընկերության հիմնադիր Մորիս Բիկանդ Վերվին (Maurice Beckand Verwee), Ucom ընկերության խորհրդի անդամ Էդգար Կարապետյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանը, «National Instruments» ընկերության ծրագրի ղեկավար ներկայացուցիչ Ռուբեն Սիմոնյանը։
«Բիզնես 24»-ի հետ զրույցում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) Հայաստանում գործող ՓՄՁ զարգացմանն աջակցող թիմի ղեկավար Էվա Մարիա Նեհերը նշեց, որ այս ծրագիրը գործում է 2016 թվականից և միտված է եղել աջակցել Հայաստանում մասնավոր սեկտորը, որը, ըստ նրա, բավականին խոցելի է։ Այդ իսկ պատճառով ԵՄ-ը կարևորում է այս մրցույթի շրջանակում տրամադրվող մենթորների կողմից իրականացվելիք դասընթացները, որոնք կօգնեն ստարտափներին հնարավորինս լավ ներկայացնել իրենց գաղափարները արտերկրում ։
Ծրագիրը տրամադրում է մինչև 10 դրամաշնորհ, սակայն քանակը կարող է տատանվել՝ կախված թիմի ներկայացվածության աստիճանի։
Այս անգամ ԵՄ-ի պահանջներին կարողացավ համապատասխանել 6 թիմ՝ «360 Stories Armenia»-ն, «eswap»-ը, «Himnark people»-ը, «Hirebee.ai»-ը, «Smart Metering system for power distribution networks»-ը և «WireStock»-ը: