
G8-Ի ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. ՃԳՆԱԺԱՄԸ, ՀԱՐԲԱԾ ՄԵԴՎԵԴԵՎԸ, ԿՆԱՄՈԼՆԵՐ ՕԲԱՄԱՆ ԵՎ ՍԱՐԿՈԶԻՆ
Իտալական Ակվիլա քաղաքում անցյալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած G8 (Մեծ Ութնյակ) համաժողովը պատմության մեջ կմտնի ոչ միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու և համաշխարհային այլ խնդիրների լուծումներ գտնելու աշխարհի առաջատար երկրների ղեկավարների փորձ: Ակվիլյան հավաքը նաև կհիշվի աշխարհի առաջատար երկրների ղեկավարների ազատ և տարօրինակ պահվածքով:
Իտալաիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով հայտնի է իր առանձնահատուկ պահվածքով, արտահայտություններով, հյուրերին ընդունելու «յուրահատուկ» մեթոդներով և իր ունեցած արտամուսնական կապերով, այս անգամ կարծես թե վարակել էր աշխարհի մի քանի ղեկավարների:
Ակվիլայում առաջինը աչքի ընկան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզին, որոնք, ինչպես երևում է նկարից, նայում են իրենք կողքով անցնող կնոջ բարեմասնություններին, Օբաման ինչպես իսկական ամերիկացի անկաշկանդ և առանց լրագրողների վրա ուշադրություն դարձնելու նայում է երիտասարդ կնոջը, իսկ Սարկոզին խորաթափանց և գնահատող տիպիկ ֆրանսիական հայացքով հետևում է և կնոջը, և Օբամային:
Ի դեպ Սպիտակ տան դեմոկրատ ղեկավարների շրջանում սա առաջին դեպքը չէ, երևի շատերի հիշողության մեջ դեռևս վառ է Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկու սիրային կապի հետևանքով առաջացած մեծ աղմուկը, որի պատճառով Քլինթոնի դեմ իմփինչմենթի գործընթաց էր սկսվել ԱՄՆ կոնգրեսում: Հուսով ենք, որ պարոն Օբամայի դեպքում գործը շատ չի բարդանա նամանավանդ, որ նա իր ուսերին է կրում ճգնաժամի դեմ պայքարող առաջամարտիկի ծանր պարտականությունները: Իսկ թե ինչպես կարձագանքի տիկին Օբաման իր ամուսնու նման պահվածքին մենք դժվար թե իմանանք:
Նիկոլա Սարկոզիի դեպքում կարող ենք պնդել, որ նրա իտալական ծագումով, նախկինում հայտնի ֆոտոմոդել կինը, որը շատ կտրուկ է արտահայտվել Սիլվիո Բեռլուսկոնիի արտամուսնական սիրային արկածների կապակցությամբ դժվար թե բարյացկամ վերաբերմունք ունենա իր ամուսնու նման պահվածքի նկատմամբ:
Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին հայտնի է Բեռլուսկոնիի նկատմամբ ունեցած իր անբարյացկամ վերաբեմունքով, որը Բեռլուսկոնիի սիրային արկածների հետևանք է: Բրունին միշտ խուսափում է Բեռլուսկոնիի հետ հանդիպումներից: Ակվիլայի համաժողովը նույնպես բացառություն չեղավ և Ֆրանիայի առաջին տիկինը հրաժարվեց մասնակցել առաջին տիկինների համար նախատեսված ծրագրին:
Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին մի քանի անգամ հայտնվել է սիրային սկանդալների մեջ, նրան մեկ մեղադրում են 18-ամյա սիրուհի ունենալու, մեկ էլ Սարդինիայի իր վիլլայում բարձրաստիճան հյուրերին բազմաթիվ երիտասարդ կանանց ներկայությամբ հյուրընկալելու մեջ: Այս բոլորի պատճառով վերջերս Բեռլուսկոնիի կինը նրանից ամուսնալուծվեց:
Բեռլուսկոնին իր հերթին առիթը բաց չի թողել, և նրան պատկանող լրտավամիջոցներից մեկը, որի տնօրենն է Բեռլուսկոնիի փոքր եղբայրը մեղադրել է Կարլա Բրունիին այն բանում, որ նա անհարգալից է գտնվել G8 առաջին տիկինների նկատմամբ, չի մասնակցել առաջին տիկինների համար նախատեսված հանդիպումներին, երկու օր ուշացումով է ժամանել Իտալիա և մենակ է այցելել երկրաշարժից տուժած Ակվիլա քաղաք:
Ակվիլայում նաև աչքի ընկավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեվը: Նկարներում երևում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի տարօրինակ պահվածքը: Իսկապես Դմիտրի Մեդվեդևը հարբած մարդու տպավորություն է թողնում, նույն վիճակում է նաև Նիկոլա Սարկոզին, չնայած նրան, որ Ֆրանսիայի նախագահը ոտքերի վրա կանգնած մնալու համար Բեռլուսկոնիի օգնության կարիքը չի զգում: Ռուսական լրատվամիջոցները, հարբածության վարկածը բացառելու համար, փորձում են տարբեր կերպ մեկնաբանել իրենց նախագահի նման պահվածքը: Նշվում է, որ ժամանակակից ֆոտոխցիկները չափազանգ արագ են նկարում և մարդու շարժումները կարող են աղավաղված ցուցադրել, իսկ ռուսական հեռուստաալիքներից մեկն էլ նախագահի պահվածքը բացատրում է նոր բարձրակրունկ կոշիկների հետևանքով Մեդվեդևի շարժումներում առաջացած փոփոխություններով, և ապացուցելու համար համեմատում է Բեռլուսկոնիի և Մեդվեդևի հասակները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջին նախագահ երջանկահիշատակ Բորիս Ելցինը նախկինում մի քանի անգամ հայտնվել էր նման իրավիճակներում, սակայն եթե Ելցինի «ռուս մուժիկ»-ի կերպարը ինչոր տեղ կարող էր արդարացնել նրա նման պահվածքը, ապա Մեդվեդևի սանտկպետերբուրգյան կրթված իրավաբանի կերպարը դժվար է համատեղվում հասարակության մեջ հայտնված հարբած մարդու կերպարի հետ: