«ՍՈՉԻ 2014»-Ի ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅ ՇԻՆԱՐԱՐՆԵՐ, ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Յարոսլավլ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին։ Տիգրան Սարգսյանին դիմավորել են Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լեւիտինը, Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախրուկովը, միջկառավարական հանձնաժողովի եւ մարզի ղեկավարության ներկայացուցիչները։
Կեսօրին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանդիպումը Յարոսլավլի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանի սոցիալ տնտեսական վիճակին, խոսել է այն միջոցների մասին, որոնցով մեր երկիրը հաղթահարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ 2010թ. համար կան զգուշավոր լավատեսության նախադրյալներ։ Ըստ վարչապետի` այն կլինի վերականգնման տարի, իսկ հաջորդ տարիների ընթացքում մեր տնտեսությունը կմտնի կայուն աճի փուլ։ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա էական ազդեցություն են թողում նաեւ Ռուսաստանի տնտեսությունում գրանցվող միտումներն ու զարգացումները։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը սկզբունքային է իր դիրքորոշման մեջ` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։
Գործադիրի ղեկավարը պատասխանել է մեր հայրենակիցներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման, ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, հայ- ռուսական միջպետական ու միջմարզային տնտեսական հարաբերությունների խորացման, հայապահպանության եւ արտերկրում բնակվող հայրենակիցների խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստանի մրցունակության բարձրացման, որակյալ կրթության խրախուսման, պատմամշակութային ժառանգության պահպանման, սահմանամերձ գյուղերի համաչափ զարգացման ու երկքաղաքացիության հարցերին։
Կարեւորվել են նաեւ «Սոչի 2014» ձմեռային օլիմպիական խաղերի նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներում հայկական աշխատուժի մասնակցության ու հայաստանյան արտադրության շինանյութերի արտահանման խնդիրները։
Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախրուկովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են Յարոսլավլի մարզի հետ տնտեսական համագործակցության ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես, Հայաստանի եւ Յարոսլավլի մարզի ձեռնարկությունների միջեւ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։ Նշվել է գիտատեխնիկական եւ մշակութային բնագավառներում գործակցության կարեւորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Յարոսլավլում կառուցվող Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու հարցին։ ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Յարոսլավլի մարզի ղեկավարության ցուցաբերած հոգատար վերաբերմունքը հայ համայնքի շուրջ յոթ հազար ներկայացուցիչների հանդեպ։
Հայաստանի Հանրապետության վարչապետը, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի ու Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախրուկովի ուղեկցությամբ այցելել է նաեւ Սուրբ Վեդենյան Տոլգյան վանք, հանդիպել է Ռուսաստանում հայտնի հոգեւոր գործիչներից մեկի` մայր Վարվարայի հետ։
ՀՀ եւ ՌԴ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 25-ին։