ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋՆՈՐԴ Է ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հայաստանը միջնորդ է Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում, մասնավորապես, Վերին Լարսի անցակետի բացման վերաբերյալ բանակցություններում: Դրա մասին են վկայում եւ ռուսական, եւ վրացական մամուլում տեղ գտած մի շարք հայտարարությունները` վկայակոչելով մի շարք պաշտոնատար անձանց: Այսօր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, խոսելով այս թեմայի շուրջ, վստահություն է հայտնել, որ Հայաստանի դերը տարածաշրջանում զգալիորեն բարձրացել է:
«Այդ հարաբերություններում Հայաստանի միջնորդի դերը վկայում է, որ մեր երկիրը դարձել է տարածաշրջանային լիդեր: Մեկ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կարող է միջնորդ հանդիսանալ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թեկուզ այս հարցի հետ կապված»,-ասել է Է.Շարմազանովը: