ՄԱՐՏԻ 5-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Մոսկվայում մարտի 5-ին կկայանա ԱՊՀ-ի երկրների միջազգային տնտեսական համաժողով,որի գլխավոր նպատակն է համագործակցության տարածքում տնտեսական ինտեգրացման ամրապնդման ուղիներ գտնելը:
Համաժողովը կազմակերպում են ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն, ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարությունը եւ ԱՊՀ-ի Տնտեսական զարգացման գործարար կենտրոնը: Կազմկոմիտեն գլխավորել է ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի նախագահ, ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Սպասվում է, որ համաժողովին 500 պատվիրակներ կմասնակցեն Համագործակցության բոլոր երկրներից, այդ թվում` ԱՊՀ-ի պետությունների կառավարությունների էկոնոմիկայի համար պատասխանատու փոխվարչապետներ, գործարարության ու բանկերի ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում «կլոր սեղաններ» կանցկացվեն ԱՊՀ-ում նախագահության տարվա ընթացքում Ռուսաստանի նախաձեռնությունների եւ ազատ առեւտրի գոտու ամրապնդման, նորաստեղծությունների, որպես էկոնոմիկայի զարգացման խթանի, շինարարության, տրանսպորտի ոլորտում եւ վառելիքա-էներգետիկական համալիրում ինովացիոն մոտեցումների ու տեխնոլոգիաների, ազգային արժույթներով հաշվարկների առաջ շարժման եւ առեւտրական գործառնությունների ֆինանսավորման շուրջ:
Համաժողովում առաջին անգամ կհայտարարվեն «ԱՊՀ-ի բիզնեսի առաջատար» մրցույթի դափնեկիրները եւ կհանձնվեն համապատասխան կրծքանշաններ: «ԱՊՀ-ի բիզնեսի առաջատար» պարգեւը հիմնել է ԱՊՀ-ի Տնտեսական զարգացման գործարար կենտրոնը: Այն շնորհվում է Համագործակցության այն ձեռնարկություններին ու կազմակերպություններին (անկախ սեփականության ձեւից), ինչպես նաեւ առանձին անձանց, որոնք էական ավանդ են ներդրել ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների զարգացման մեջ: 10 անվանակարգերը սահմանվում են տնտեսական ոլորտում Համագործակցության գործունեության առաջնային ուղղություններին համապատասխան` «Տնտեսական համագործակցության առաջատար» (ըստ էկոնոմիկայի ճյուղերի), «ԱՊՀ-ի ընդհանուր շուկային աջակցելու համար», «Առեւտրական ու կոոպերատիվ կապերի զարգացման համար», «Սոցիալական ոլորտի ճյուղերի արդիականացմանն օժանդակելու համար», «Հիմնարար ու կիրառական գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար», «Գործարարության իրավական պաշտպանության զարգացման գործում ներդրած ավանդի համար»: