ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանի պետական նավթային ընկերության տարածած հաղորդագրության համաձայն Ադրբեջանը կարող է դեպի Եվրոպա նախատեսվող գազի փոխադրումն ուղղել Ասիա, եթե Եվրամիությունը չարագացնի Nabucco գազամուղի կառուցման ծրագրի շրջանակներում սակագների որոշման հարցը: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ներկայումս Ադրբեջանը քննարկում է Թուրքմենստանից Ուզբեկստանի և Ղազախստանի տարածքներով դեպի Չինաստան նոր գազամուղի կառուցման ծրագրին միանալու հնարավորությունները:
Նաբուկո (Nabucco) գազամուղի կառուցման ծրագիրը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա Կենտրոնական Ասիայի երկրներին և Ադրբեջանին գազ մատակարարել եվրոպական երկրներ: Այն կանցնի Կասպից ծովի հատակով` շրջանցելով Ռուսաստանը: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան և Ավստրիան: Շինարարական աշխատանքները նախնական որոշման համաձայն կսկսվեն 2010 թվականին և կտևեն 3 տարի: Շինարարության համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 7,9 մլրդ եվրո: