ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻԱՆԱԼ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ»-ԻՆ
Գազի արտահանման և փոխադրման ուղղությամբ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունները մոտ են իրենց ավարտին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեվը: Վերջինիս խոսքերով` Ադրբեջանը մի շարք երկրների կողմից դիտարկվում է որպես հեռանկարային գործընկեր` կասպյան տարածաշրջանից եվրոպական երկրներ գազի մատակարարման ծրագրերի իրականացման տեսանկյունից, և այժմ Ադրբեջանը քննարկում է գոյություն ունեցող նման ծրագրերը` հետագա անդամակցության համար: Մասնավորապես, Աբդուլաեվի խոսքերով, Ադրբեջանը պատրաստ է քննարկել նաև «Հարավային հոսք» գազամուղին իր մասնակցության հարցը:
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» գազամուղի կառուցմամբ նախատեսվում է կրճատել Եվրոպա ռուսական գազի մատակարարման կախվածությունը տարանցիկ երկրներից, մասնավորապես Ուկրաինայից: Նախատեսվում է գազամուղի կառուցման նախագծի իրականացման նպատակով տրամադրել շուրջ 25 մլրդ եվրո:
Նախնական հաշվարկների համաձայն գազամուղի շինարարության աշխատանքները կավարտվեն 2015 թվականին: