2013Թ.-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՍՆՆԿԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ
Տնտեսական հիմնախնդիրների հետազոտության կենտրոնի վերլուծաբան Դավիթ Նարմանիան չի բացառում, որ 2013 թվականին Վրաստանը կարող է հայտնվել սննկացած երկրների տասնյակում: Իր այս կանխատեսումը տնտեսագետը ներկայացրել է «Վրաստան – բյուջետային քաղաքականություն» խորագրով կոնֆերանսի շրջանակներում:
Դավիթ Նարմանիայի խոսքերով` Վրաստանի արտաքին պարտքն արդեն հասել է իր թույլատրելի սահմանին, և 2013 թվականին երկրի արտաքին պարտքի սպասարկման համար կպահանջվի 760 մլն լարի, իսկ պարտքային տոկոսների վճարման համար` 80 մլն լարի:
Տնտեսագետի խոսքերով` իր այս պարտավորությունների կատարման համար Վրաստանը ստիպված կլինի նորից դիմել արտաքին վարկատուներին, ինչն էլ կհանգեցնի անկառավարելի ֆինանսական գործընթացների: