
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
2010 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստանի բջջային հեռախոսների շուկան, դրամային արտահայտությամբ, աճել է 2,1%-ով և կազմել 31,6 մլրդ ռուբլի: Այսպիսի տվյալներ են հրապարակել Ռուսաստանում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող խոշորագույն ցանցի` «Եվրասետ» ընկերության վերլուծաբանները:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Ռուսաստանում վաճառվել է շուրջ 7 մլն բջջային հեռախոս: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 24,6%:
Նշենք, որ 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանում բջջային հեռախոսի միջին գինը տատանվել է 4,5 հազար ռուբլու սահմաններում:
Նախորդ տարվա համեմատությամբ բջջային հեռախոսների միջին գինը կրճատվել է 18%-ով: