ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿԿԱՌՈՒՑԵՆ ՆԱՎԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Սամսուն-Ջեյհան խողովակաշարի կառուցման ծրագրի շրջանակներում ընդլայնել համագործակցությունը նավթային ոլորտում և համատեղ կառուցել նավթի վերամշակման գործարան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն և նշել, որ վերջերս Միլանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իտալիայի կառավարությունների ներկայացուցիչների կայացած հանդիպման շրջանակներում քննարկվել են Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցման ծրագրին առնչվող անհրաժեշտ բոլոր հարցերը:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև նավթային ոլորտում համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի Անկարա կատարած այցի շրջանակներում: Այս փաստաթուղթը նախատեսում է Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցման աշխատանքներին ռուսական ընկերությունների մասնակցություն, ինչպես նաև Ջեյհան նավահանգստի մոտ նավթի վերամշակման գործարանի կառուցում: