«ՌՈՒՍԱԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՈՎ
Ալյումինի արտադրությամբ համաշխարհային առաջատար «Ռուսալ» ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած եռամսյակային ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է 247 մլն դոլարի զուտ շահույթ` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցված 638 մլն դոլար զուտ վնասի դիմաց:
Ներկայացված տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին, համաշխարհային շուկայում ալյումինի գների բարձրացմամբ պայմանավորված, «Ռուսալ» ընկերության հասույթն աճել է 31%-ով և կազմել 2,331 մլրդ դոլար:
2010 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով «Ռուսալ» ընկերությունը գրանցել է հիմնական արտադրատեսակների արտադրության ծավալների անկում: Այսպես, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ալյումինի արտադրության ծավալները կրճատվել են 4%-ով (973 հազար տոննա), գլինոզեմի արտադրության ծավալները` 14%-ով (1,8 մլն տոննա):