ՌԴ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆ ՕԳՈՍՏՈՍԻՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է 12,6%-ՈՎ
ՌԴ պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի օգոստոս ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ռուսաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 12,6%-ով: Այս ցուցանիշը ամսական կտրվածքով գրանցել է 3% անկում: Նշենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալի անկում Ռուսաստանում գրանցվում է արդեն չորրորդ ամիսն անընդմեջ:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ինդեքսը 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 86,0%:
2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում առավել մեծ անկում գրանցվել է վերամշակող արդյունաբերության ոլորտում, որտեղ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 16,8%-ով: Հաշվետու ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 0,2%-ով:
Նշենք նաև, որ նավթի արդյունահանման ծավալները ընթացիկ տարվա օգոստոս ամսվա ընթացքում աճել են 1,1%-ով, իսկ գազի արդյունահանման ծավալները կրճատվել են 11,9%-ով: