
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
Հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության գեներալ-մայոր Վլադիմիր Ջաբարովը, ով իր նոր պարտականությունների շրջանակներում պատասխանատու կլինի ընկերության արտաքին կապերի համար և կկարգավորի ընկերության հարաբերությունները կառավարության և պետական այլ կառույցների հետ:
«Տրոյկա Դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Վլադիմիր Ջաբարովը նմանատիպ պաշտոն է զբաղեցրել «Ռենեսանս Կապիտալ» ընկերությունում և ունի այդ ոլորտում կուտակած բազմամյա փորձ, գիտելիքներ և գործարար համբավ:
Նշենք, որ «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը հիմնադրվել է 1991թ. և մատուցում է արժեթղթերի շուկայում գործառնությունների իրականացման, ինչպես նաև ներդրումային և բանկային մի շարք այլ ծառայություններ: