ԹՈՒՐՔԻԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է «ՆԱԲՈՒԿՈ» ԾՐԱԳՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«Նաբուկո» ծրագրի շրջանակներում միջպետական համաձայնագրերի կնքման համաժողովի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի կառավարությունը խրախուսում է «Նաբուկո» ծրագրի իրականացմանը ռուսական և իրանական կողմերի մասնակցությունը: Նշենք, որ «Նաբուկո» ծրագրի շրջանակներում միջպետական պայմանագրերի կնքման նպատակով երեկ` հուլիսի 12-ին, Անկարա էին ժամանել ավելի քան երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ «Նաբուկո» ծրագիրը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը կանցնի Կասպից ծովի հատակով` շրջանցելով Ռուսաստանը, և կապահովի բնական գազի մատակարարում Եվրոպական երկրներին: «Նաբուկո» ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 7.9 մլրդ դոլար: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան և Ավստրիան: Նոր գազամուղի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել արդեն 2010թ.: