«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ն ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հուլիսի 31-ին կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցություն հիմնել երկու կազմակերպությունների միջեւ` բարեգործական ոլորտում արձագանքելու պետության եւ հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, որպես կորպորատիվ ոլորտում գործող եւ բարեգործության ոլորտը առավել կարեւորող կազմակերպություն, եւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես մարդասիրության ոլորտում կառավարությանն օժանդակող երկրում գործող ամենամեծ կազմակերպություն, համախմբում են իրենց ուժերը հասարակության ամենախոցելի խավերի կարիքներին արձագանքելու եւ նրանց առավել արդյունավետ աջակցություն ցույց տալու հարցում` մասնավորապես, աղետների կառավարման, սոցիալ-առողջապահական, մարդասիրական արժեքների տարածման, հաղորդակցության զարգացման եւ երիտասարդների հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների միջոցով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, որպես համագործակցության առաջին քայլ, ՀԿԽԸ-ն եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռնարկում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համատեղ ակցիա դարի չարիք հանդիսացող եւ գլոբալ ճգնաժամի վերաճած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի շուրջ: Գիտակցելով տեղեկացվածության կարեւորությունը վարակի կանխարգելման հարցում` երկու կազմակերպությունները համատեղում են ջանքերը` բարձրացնելու բնակչության իրազեկությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ: Ակցիան լինելու է բազմափուլ եւ ներառելու է բազմաբնույթ միջոցառումներ` տեղեկատվական նյութերի տարածում, հանրային միջոցառումներ եւ այլն: Հուլիս ամսից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հակիրճ տեղեկություններ եւ ահազանգող կոչեր պարունակող վահանակներ են տեղադրվելու ՀՀ ողջ տարածքում: