«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 12-ՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ` ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 12-րդ հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում: Ինչպես այսօր հրավիրված մամլո ասուլիսում տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, այս տարի եւս նվիրատվությունները կնպաստեն Հայաստանի եւ Արցախի գյուղերի զարգացման ծրագրերին, իսկ դրամահավաքից ստացված միջոցների մեծ մասը կուղղվի Շուշիի վերակառուցման եւ զարգացման աշխատանքներին: Ամբողջ աշխարհում հեռուստամարաթոնը դիտելու հնարավորություն կունենա ավելի քան 50 մլն ընտանիք: Հեռուստամարաթոն-2009-ի կարգախոսն է` «Մեր Շուշին»:
Հիմնադրամի գործադիր տնօրենի տեղեկացմամբ` նոյեմբերի 19-22-ն անցկացվելու է նաեւ համաեվրոպական դրամահավաք: Դրամահավաքին ակտիվորեն մասնակցում են նաեւ Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հոլանդիայի տեղական մարմինները: Մոսկվայում եւս նախատեսվում է կազմակերպել դրամահավաք-ճաշկերույթ, որին կմասնակցեն հայ գործարարներ: