Այսօր կայանալիք «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի հասույթը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Ապրիլի 8-ին, ժամը 16:00-20:00-ը,Կոնգրես հյուրանոցի Բոլ սրահում տեղի կունենա «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Նշված օրը ձեռք բերելով գինի, գնորդն իր ներդրումը կունենա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նվիրաբերության ֆոնդում՝ միաժամանակ գնելով գինի՝ շուկայականից ցածր արժեքով։
Միջոցառումը կազմակերպիչներն անվանել են «Կենաց»․«Կենաց բառը մեզ է հասել գրաբարի «կեանք» բառից։ Այս խորհրդանշական բառով ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր հերոսներին, նշելով, որ պետք է ապրեցնենք, սիրենք մեր հայրենիքը՝ հանուն լուսավոր ու արի զոհված հերոսների կենաց (կյանքի) շարունակության»։
Ժամը 17:00-ին՝ ընտրագույն գինիների համտես (դեգուստացիա), որն անց է կացնելու փորձառու սոմելյե Վլադ Խաչատրյանը։
Ժամը 17:00-ից սկսած նկարչուհի Գոհար Սարգսյանն անց է կացնելու գինով նկարչության վարպետության դասեր:
Ժամը 18:30-ին տեղի կունենա անզուգական գինիների աճուրդ, որն անց է կացնելու Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Ժամը 19:00-ին գինեգործական ընկերություններից մեկն իրականացնելու էմի շարք գինիների ներկայացում և համտես:
«Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառքի մուտքն ազատ է։ Դեգուստացիաների և վարպետաց դասերի մասնակցությունը՝ վճարովի, որոնցից ստացված հասույթը նույնպես ուղղվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Ֆեյսբուք սոցիալական կայքում միջոցառման էջը կարող եք տեսնել՝ այստեղ։
Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Կոնգրես հյուրանոցին, մասնակից գինարտադրողներին և մասնագետներին աջակցության համար։