ARARAT թանգարանը նախաձեռնել է ներառական ծրագիր՝ #ԶգաՍրտով
ARARAT թանգարանի #ԶգաՍրտով նախագիծը միտված է նպաստելու ներառական օրակարգի զարգացմանը, ինչպես նաև ներկայացնում է այն գաղափարը, որ թանգարանը բաց և հարմարավետ ժամանցային վայր է հասարակության բոլոր այն անդամների համար, ում հետաքրքիր է հայկական կոնյակագործական ժառանգությունը։
Ծրագրի շրջանակներում ARARAT թանգարանը, համագործակցելով «Ունիսոն» հասարակական կազմակերպության հետ, կազմակերպեց շրջայցներ հաշմանդամություն ունեցող այցելուների համար։ Այցի ժամանակ հյուրերին հնարավորություն տրվեց ծանոթանալու հայկական կոնյակի հարուստ պատմությանը, պատմական վերելքի հատկանշական պահերի, ինչպես նաև դարավոր վարպետության ժամանակակից եզրերին։
ARARAT թանգարանում շրջայցի հետագիծը կառուցված է այնպես, որ նոր զգացողական փորձառությունն ընկալելի է դառնում թե´ տեսողական, թե´ շոշափողական, թե´ լսողական, թե´ հոտառական, և թե´ համային զգայարանների միջոցով։ Այս առումով, ARARAT թանգարանը հասանելի է հաշմանդամություն ունեցող այցելուներին ոչ միայն տարածքի հարմարավետությամբ, այլև զգայական ընկալման լայն հնարավորություններով։
«Կոնյակագործության մեջ իրական ներդաշնակության կարելի է հասնել բացառապես յուրաքանչյուր մասնիկի յուրահատկության շնորհիվ։ Համոզված եմ, որ մենք՝ որպես հասարակություն, էլ ավելի մոտ կլինենք իրական ներդաշնակությանը, երբ կարողանանք գնահատել յուրաքանչյուրիս։ #ԶգաՍրտով նախագիծը խոչընդոտների բացակայության և բաց լինելու մասին է, ինչպես նաև նրա մասին է, որ ամենակարևորը կարող ենք զգալ միայն սրտով։ Հուսով եմ, որ մեր նախաձեռնությունը հյուրերին ոչ միայն գեղագիտական վայելք կպարգևի, այլև մեծ ոգեշնչման աղբյուր կհանդիսանա», – ասել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
«Երևանի կոնյակի գործարանի ղեկավարությունն ու անձնակազմը մեզ համար կազմակերպեց ջերմ ընդունելություն։ Հարկ է նշել, որ ARARAT թանգարանը Երևանի այն եզակի թանգարաններից է, որն իսկապես ապահովում է անարգել միջավայր: Այցելությունը թանգարան բավականին հաճելի և բովանդակալից էր։ Մենք սիրով խորհուրդ ենք տալիս բոլորին, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց, ծանոթանալու այս եզակի թանգարանի պատմությանն ու ցուցանմուշներին: Ի վերջո, հայկական կոնյակը մեր ազգային հպարտությունն է»,- նշել է «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։
ARARAT թանգարան հաճախ են այցելում հաշմանդամություն ունեցող անձինք, սակայն այս ծրագիրը, որը սոցիալական ցանցերում խորհրդանշականորեն մեկնարկեց դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրվանն ընդառաջ, նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծելու այն գաղափարը, որ հուզական աշխարհը ի զորու է հաղթահարել ցանկացած խոչընդոտ, և թերևս ամենակարևորը՝ կարելի է զգալ միայն սրտով։
Բացի այդ, ARARAT թանգարանը վայրը է, որտեղ «ի սրտե» արտահայտությունը սոսկ խոսքեր չեն։ Իրապես, թանգարանի տակառներում հնացվում է կոնյակի սպիրտը, որին կոնյակի վարպետները, համաձայն ավանդույթի, անվանում են «սիրտ»։