«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-Ը` «ԿԱՐՈՏ» ՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
«Յունիբանկ» ՓԲԸ-ն դարձավ «Կարոտ» երրորդ միջազգային փառատոնի հովանավոր, որն այս տարի առաջին անգամ անցակցվեց Հայաստանում եւ ԼՂՀ-ում: Առաջին երկու փառատոները անցկացվել են Մոսկվայում: Փառատոնի գլխավոր իրադարձությունը «Կարոտ» մրցանակի հանձնումն է մշակույթի, արվեստի, սպորտի եւ քաղաքականության ականավոր գործիչներին, որոնք մեծ ավանդ ունեն մեր երկրի եւ համաշխարհային մշակույթի զարգացման գործում: Փառատոնի շրջանակներում Հայաստան այցելեցին հյուրեր 12 երկրներից, այդ թվում` Ժերար Դեպարդյեն, Էմմանուիլ Վոտիրգան, Իգոր Կոստոլեւսկին եւ այլոք:
Փառատոնի շրջանակներում Ստեփանակերտում կայացավ «Բարության խորհրդանիշը» բրոնզե քանդակի բացման հանդիսավոր արարողությունը: Քանդակի հեղինակը հանրաճանաչ քանդակագործ Գրիգորի Պոտոցկինն է: «Բարության խորհրդանիշը» իրենից ներկայացնում է խատուտիկ, որի թերթիկները բացված ափերի տեսքով խորհրդանշում են տարբեր ազգերի ներկայացուցիչների ձեռքերը:
Փառատոնի գոյության երեք տարիների ընթացքում «Կարոտ» մրցանակը շնորհվել է այնպիսի անվանի գործիչների, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Կոնստատին Օրբելյանը, Արմեն Ջիգարխանյանը, Լեւոն Հայրապետյանը, Ջիվան Գասպարյանը, Նիկոլայ Ռիժկովը, Վլադիմիր Սպիվակովը, Իոսիֆ Կոբզոնը, Սոս Սարգսյանը, Նիկիտա Սիմոնյանը, Անդրեյ Բիտովը, Յուրի Վարդանյանը, Արթուր Աբրահամը, Էդվարդ Միրզոյանը, Սերգեյ Համբարձումյանը, Սեն Արեւշատյանը, Վլադիմիր Աբաջյանը, Դավիթ Երեւանցին, Հարություն Կեխեյանը, Ժերար Դեպարդյեն: Կինոյի եւ թատրոնի դերասան Մհեր Մկրտչյանին, հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանին եւ կրկեսի արտիստ Լեոնիդ Ենգիբարյանին մրցանակները շնորհվեցին հետմահու: