ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ FORD-Ը ՎԱՃԱՌԵԼ Է 2.92 ՄԼՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ամերիկյան Ford Motor ընկերության զուտ շահույթն աճել է 5,7%-ով և կազմել 4,95 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական ամփոփ հաշվետվության մեջ` հաշվետու այս վեց ամիսների արդյունքներով ընկերության հասույթն աճել է 15,5%-ով և կազմել 68,6 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ընկերությունն արտադրել և համաշխարհային շուկա է արտահանել 2,92 մլն ավտոմեքենա:
Ford Motor ընկերությունը հիմնադրվել է 1903 թվականին և մինչ այժմ հանդիսանում է աշխարհի առաջատար ավտոարտադրողներից մեկը: Մեքենաշինական գործարանները տեղաբաշխված են աշխարհի 70 երկրներում, իսկ ընկերության աշխատողների ընդհանուր թիվը կազմում է մոտ 166 հազ.մարդ: