ՔԵՆԵԹ ՌՈԳՈՖ – ԱՌԱՋԻԿԱ 10 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄ
Առաջիկա 10 տարիների ընթացքում Չինաստանին սպասվում է ևս մեկ ծանր տնտեսական ճգնաժամ` որպես հետևանք Չինաստանի կառավարության ներկայիս անարդյունավետ քաղաքականության: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի վերլուծաբան և Արժույթի Միջազգային Հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Քենեթ Ռոգոֆը:
Վերջինս վստահ է, որ Չինաստանի կառավարության կողմից ազգային բանկերին և ընկերություններին պետական ֆինանսական աջակցության ծավալների շարունակական ընդլայնումը կարող է Չինաստանի տնտեսության համար պատճառ հանդիսանալ նոր ճգնաժամի:
Նշենք, որ Քենեթ Ռոգոֆը մեծ ճանաչում ձեռք բերեց այն ժամանակ, երբ կանխատեսեց 2008 թվականին ԱՄՆ բանկային համակարգի անկումը և նախանշեց ֆինանսական ճգնաժամի զարգացման ուղղությունները:
2009 թվականի արդյունքներով Չինաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 10,7% աճ, իսկ ընթացիկ տարվա համար համաշխարհային բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի շուրջ 9% աճ: