Եկամուտների Հայտարարագիր

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 413.00+0.50 EUR SELL - 418.00+1.00
OIL:  BRENT - 79.33-0.95 WTI - 75.77-2.06
COMEX:  GOLD - 2766.50+0.85 SILVER - 31.60+0.57
COMEX:  PLATINUM - 969.70+0.80
LME:  ALUMINIUM - 2691.50+0.26 COPPER - 9275.00+0.92
LME:  NICKEL - 16102.00+0.03 TIN - 30390.00+2.07
LME:  LEAD - 1985.00+0.92 ZINC - 2963.50+0.73
FOREX:  USD/JPY - 155.79+0.48 EUR/GBP - 1.0415+0.27
FOREX:  EUR/USD - 1.0415+0.27 GBP/USD - 1.2338+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44025.81+1.24 NASDAQ - 19756.78+0.64
STOCKS US: S&P 500 - 6049.24+0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 39646.25+1.58 TOPIX - 2737.19+0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 19778.77-1.63 SSEC - 3213.62-0.89
STOCKS EUR:  FTSE100 - 8548.29+0.33 CAC40 - 7770.95+0.48
STOCKS EUR:  DAX - 21042.00+0.25
22/01/2025  CBA:  USD - 398.74-0.10 GBP - 493.00+4.66
22/01/2025  CBA:  EURO - 416.60+3.80
22/01/2025  CBA:  GOLD - 35098.00+377.00 SILVER - 390.81+2.85

Եկամուտների Հայտարարագիր

Եկամուտների Հայտարարագիր. Ինչպես և ովքեր պետք է ներկայացնեն

Եկամուտների հայտարարագիրը հանդիսանում է հարկային հաշվետվություն, որտեղ քաղաքացիները ներկայացնում են իրենց ստացած եկամուտները տարվա ընթացքում։ Հայտարարագիրը հարկավոր է ներկայացնել մինչև օրենքով սահմանված վերջնաժամկետը՝ խուսափելու համար հնարավոր տույժերից և տուգանքներից։ Այս էջում ներկայացված է ՊԵԿ կողմից տրամադրված ամբողջական պաշտոնական տեղեկատվությունը՝ Եկամուտների հայտարարագրերի մասին։ Մասնավորապես. ովքե՞ր պետք է հանձնեն եկամուտների հայտարարագիր, ինչպե՞ս պետք է հանձնել եկամուտների հայտարարագիր, ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել եկամուտների հայտարարագիր և այլ մանրամասներ։

ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։ Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից ՄԻԱՆՎԱԳ ստացված չհարկվող եկամուտներին։ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին։

Ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց) նոր խմբեր․

  1. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
  2. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
  3. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
  4. 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
  5. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
  6. 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):

Կարևոր է իմանալ, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձը կամ վերջինիս փոխարեն նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն նաև այն ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն), որոնք հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացել են հարկվող եկամուտներ։ Օրինակ, այն անձինք, որոնք նախորդ տարվա ընթացքում վարձակալությամբ տրամադրել են բնակարան։ Ընդ որում, քաղաքացիների այս խումբն ունի եկամտային հարկը նույն ժամկետում պետական բյուջե վճարելու պարտավորություն։

Կարևոր է իմանալ, որ 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր են ներկայացնում նաև հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից հարկվող եկամուտներ ստացած և եկամտային հարկն ինքուրույն հաշվարկելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք (օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ այլ ֆիզիկական անձանց տրամադրած, անկախ մասնագիտական աշխատանքներ կատարած անձինք և այլն), այդ թվում՝ անչափահասները։ Այս դեպքում անչափահասի փոխարեն հայտարարագիր է ներկայացնում նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ եկամուտների հայտարարագիր չի ներկայացնում 2024 թվականին անհատ ձեռներեց հանդիսացած ֆիզիկական անձը, բայց նրա վարձու աշխատողները պարտավոր են ներկայացնելու հայտարարագիր։ Պարտավոր են հայտարարագիր ներկայացնել նաև երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող ֆիզիկական անձինք, քանի որ համարվում են վարձու աշխատող։

Հայտարարագիր չեն ներկայացնում Հայաստանում աշխատող օտարերկրյա, նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող օտարերկրյա անձինք (183 օր և ավելի փաստացի գտնվել են ՀՀ-ում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում), քանի որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։

2025 թվականին հայտարարատու չեն նաև կենսաթոշակառուները, եթե նրանք չեն համարվել վարձու աշխատողներ։

Ի գիտություն. ՀՀ ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, այսինքն, ռեզիդենտի ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

Ինչպես ներկայացնել հայտարարագիր

Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը:

Այս համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Բջջային հեռախոսի միջոցով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը․

  1. ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
  2. Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
  3. Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
  4. Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.

  • Վիվա-ՄՏՍ․ թեժ գիծ՝ 111 կամ 093 297 111, mts.am
  • Յուքոմ․ թեժ գիծ՝ 444 կամ 011 444 444, ucom.am
  • Team Telecom Armenia․ թեժ գիծ՝ 100, www.telecomarmenia.am

Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը․

  1. ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։
  2. Ունենալ նաև նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader):
  3. Այցելել ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։

Կարևոր է իմանալ, որ նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:

Ինչպես օգտվել սոցիալական ծախսից

Հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից։ Քաղաքացին կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել է ուսման վճար։

Ընդ որում, կրթական ծախսերը կարող են կատարված լինել ինչպես նախադպրոցական, այնպես էլ տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։

Հաճախ տրվող հարցեր

1. Արդյո՞ք 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր

Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել եք քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել եք եկամտային հարկով հարկվող եկամուտ կամ նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ինչպես նաև ներառված եք 2025 թվականին հայտարարագիր ներկայացնողների մյուս խմբերում (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833, ապա, ԱՅՈ, այս տարի պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր։ 

2. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե 2024 թվականին աշխատել եք մի քանի ամիս

Այո, Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մեկ ամիս, ընդ որում, հայտարարագիրը պետք է ներկայացնեք ամբողջ տարվա համար։

3. Եթե 2024 թվականին ներկայացրել եք հայտարարագիր, արդյո՞ք այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր

Այո, եթե 2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք հայտարարագիր, ապա այս տարի ևս պետք է ներկայացնեք հայտարարագիր, անգամ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում չեք աշխատել կամ հայտարարատու չեք մյուս բոլոր հիմքերով։

4. Եթե չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ, բայց բնակվում և աշխատում եք Հայաստանում, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն միայն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները։

5. Ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

6. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում

Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, բայց աշխատում և բնակվում եք արտերկրում, ապա հայտարարագիր կներկայացնեք միայն այն դեպքում, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։

7. Եթե 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող (անգամ մի քանի ամիս), բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, արդյո՞ք ներկայացնելու եք հայտարարագիր

Անգամ այն դեպքում, երբ 2024 թվականին աշխատել եք ընդամենը մի քանի ամիս, բայց 2025 թվականին գտնվում եք արտերկրում, ապա հայտարարագիր ներկայացնելու եք, եթե համարվում եք նաև ՀՀ ռեզիդենտ։ (Տե՛ս հարց 5․ ինչպե՞ս պարզել ՀՀ ռեզիդենտ եք, թե ոչ)։

8. Արդո՞ք անչափահասները պետք է ներկայացնեն հայտարարագիր

Ոչ, դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև նրանց փոխարեն ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Անչափահասի փոխարեն՝ ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն հայտարարագիր են ներկայացնում միայն այն դեպքում, եթե անչափահասը վարձակալությամբ է տրամադրել բնակարան կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք։

9. Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին, այդ թվում՝ արտերկրից ունեցել եք փոխանցումներ պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտերկրից ստացել եք փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

10. Արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր, եթե բնակվում եք Հայաստանում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում 

Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։ Օրինակ՝ այն երկրում, որտեղից ստացել եք աշխատավարձ եկամտային հարկը 18 % է, ապա մնացած 2 %-ը պետք է վճարեք Հայաստանում։

11. ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն արդյո՞ք ներկայացնելու են հայտարարագիր

Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող են, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները։

12. Արդյո՞ք անհատ ձեռնարկատերն ունի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Եթե Դուք հաշվառված եք որպես անհատ ձեռնակատեր, ապա անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու հիմքով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք։  Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կունենաք միայն այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։

13. Խնամքի արձակուրդում (ֆիզ. արձակուրդ) գտնվողները պե՞տք է ներկայացնեն հայտարարագիր

Այո, եթե Դուք գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում, ապա ևս պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, քանի որ համարվում եք վարձու աշխատող։

14. Արդյո՞ք կենսաթոշակառուները պետք է ներկայացնեն հայտարարագիր

Ոչ, կենսաթոշակառու քաղաքացիները չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում կենսաթոշակառուն, միաժամանակ, եղել է նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել է հարկվող եկամուտ կամ հայտարարատու է մյուս հիմքերով։

15. Եթե Ձեր միակ եկամուտը նպաստն է, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, ապա 2025 թվականին Դուք չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականին միաժամանակ հանդիսացել եք վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել եք հարկվող եկամուտ կամ հայտարարատու եք մյուս հիմքերով։

16. Եթե Դուք իրականացնում եք անկախ մասնագիտական աշխատանք (ինքնազբաղված, ֆրիլանս), արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Այո, եթե 2024 թվականի ընթացքում իրականացրել եք անկախ մասնագիտական աշխատանք և ստացել եք հարկվող եկամուտ, ապա այս տարի պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր)։ Իսկ անչափահասի դեպքում՝  հաշվարկը (հայտարարագիրը) նրա փոխարեն լրացնում է ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։

17. Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք դրամաշնորհ կամ կրթաթոշակ, արդյո՞ք ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն

Ոչ, եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ, ապա չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում, միաժամանակ, եղել եք նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ կամ սահմանված մյուս հիմքերով համարվում եք հայտարարատու (եթե օրենքով սահմանված հիմքերով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):

18. Եթե Դուք 2024 թվականի ընթացքում ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, այս դեպքում վարկը, այդ թվում հիփոթեքային, չի դիտարկվում որպես փոխառություն և, եթե 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով ստացել եք վարկ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս որևէ հիմքով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք ստացված վարկի գծով եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):

19. Եթե Դուք 2024 թվականի ընթացքում վարձակալության եք հանձնել անշարժ գույք, արդյո՞ք դա հիմք է հայտարարագիր ներկայացնելու համար

Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)։

20. Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք, արդյո՞ք պետք է ներկայացնեք հայտարարագիր

Եթե 2024 թվականի ընթացքում վաճառել եք անշարժ գույք և այդ գործարքից ստացել եկամուտ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով որևէ մեկով համարվեք հայտարարատու, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ, եթե օտարվել են հարկային գործակալ չհանդիսացող անձի, օրինակ՝ ֆիզիկական անձի):

21. Արդյո՞ք հայտարարագրում լրացվող եկամուտները ենթակա են հարկման

Հայտարարագրում լրացվող ոչ բոլոր եկամուտներն են ենթակա հարկման։ Օրինակ, եթե Դուք հայտարարատու եք և 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր և բացի Ձեր աշխատավարձից ունեք նաև լրացուցիչ եկամուտներ, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ այլ անձի կողմից Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին որպես նվիրատվություն կատարված փոխանցումներ կամ արտերկրից որպես նվիրատվություն ստացված գումարներ՝ լրացնելով Ձեր հայտարարագրում որևէ հարկային պարտավորություն Դուք չեք ունենա։

22. Արդյո՞ք հայտարարագրման ենթակա է Ձեր անշարժ և շարժական գույքը

Ոչ, անշարժ և շարժական գույքը հայտարարագրման ենթակա չէ ․ եկամուտների տարեկան հայտարարագրում Դուք պետք է ներառեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։

23. Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են Ձեր ծախսերը

Ոչ, ծախսերը ենթակա չեն հայտարարագրման, Դուք պետք է հայտարարագրեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։

24. Արդյո՞ք պետք է հայտարարագրեք Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները

Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված եկամուտները։ Հետևաբար, եթե բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

25. Սեփական հաշիվների միջև փոխանցումները, արդյո՞ք պետք է ներառել հայտարարագրում

Ոչ, սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները ՉԵՆ համարվում եկամուտներ և ՉԵՆ ներառվում եկամուտների հայտարարագրում։

26. Եթե Դուք վճարային տերմինալից կամ բանկում Ձեր հաշվեհամարին կամ քարտին փոխանցել եք կանխիկ գումար, արդյո՞ք պետք է այդ տվյալները լրացնել հայտարարագրում

Ոչ, եթե Ձեր հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել եք փոխանցում, ինչպես նաև Ձեր հաշվեհամարին կամ քարտին բանկում մուտք եք արել կանխիկ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառեք հայտարարագրում։

27. Եթե հայտարարագիր ներկայացնողը, միաժամանակ, հանդիսանում է ԱՁ, արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նաև ԱՁ-ի եկամուտները

Ոչ, ԱՁ-ի եկամուտները համարվում են ձեռնարկատիրական եկամուտներ և հայտարարագրում չեն լրացվում։

28. Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ փոխանցվել է գումար, արդյո՞ք այդ գումարները պետք է ներառել հայտարարագրում

Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված ստացվող եկամուտները։ Հետևաբար, եթե արտերկրից Ձեզ փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

29. Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում աշխատավարձ եք ստացել արտասահմանից, արդյո՞ք այդ եկամուտները պետք է հայտարարագրել

Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ եկամուտները։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում:

30. Արտասահմանից ստացված եկամուտները, որոնք արդեն հարկվել են ծագման երկրում, արդյո՞ք կրկին պետք է հարկվեն Հայաստանում

Եթե այդ եկամուտները հարկվել են արտասահմանում, ապա Հայաստանում կվճարեք եկամտի 20%-ի և այդ եկամուտից արտերկրում վճարված հարկի տարբերության չափով։

31. Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացին որևէ ծառայության դիմաց եկամուտ է ստացել արտասահմանում գտնվող ֆիզանձից, արդյո՞ք այդ եկամուտները պետք է ներառել հայտարարագրում

Այո, ծառայությունների մատուցման դիմաց այլ ֆիզիկական անձից ստացված եկամուտները ներառվում են հայտարարագրում՝ անկախ այն հանգամանքից այդ եկամուտները ստացել եք Հայաստանում, թե արտասահմանից, ենթակա են եկամտային հարկով հարկման 20 տոկոս դրույքաչափով։

32. Արդյո՞ք համավարկառուն վարկառուի հետ միասին պետք է հայտարարագրի ստացված վարկը

Ոչ, համավարկառուն` 2024 թվականի ընթացքում ստացված վարկի վերաբերյալ տվյալները չի ներառում հայտարարագրում։

33. Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից և բաժնետոմսից ստացված եկամուտները

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմ), արժեթղթերից և բաժնետոմսից ստացել եք եկամուտ, ապա այդ տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։

34. Եթե 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, արդյո՞ք դրանից ստացված եկամուտները պետք է ներառեք հայտարարագրում

Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության այլ ֆիզիկական անձի, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը)։ Եթե Դուք որևէ հիմքով հայտարատաու չեք, ապա լրացնում ենք միայն վարձակալությունից ստացված եկամուտը և եկամտային հարկը։

35. Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք, արդյո՞ք պետք է այդ եկամուտները ևս ներառեք հայտարարագրում

Այո, եթե 2024 թվականի ընթացքում այլ ֆիզիկական անձի վաճառել եք անշարժ գույք, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ:

36. Արդյո՞ք նվիրատվությունները պետք է ներառվեն հայտարարագրում

Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացել եք անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով, ապա այդ եկամուտները ենթական են հայտարարագրման, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

37. Արդյո՞ք պետք է հայտարարագրել տարբեր առիթներին ստացված դրամական նվերները

Այո, եթե 2024 թվականի ընթացքում տարբեր առիթների կապակցությամբ ֆիզիկական անձանցից ստացել եք դրամական տեսքով նվերներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։

38. Եթե որևէ մեկին տվել եք պարտքով գումար, արդյո՞ք վերադարձվող գումարը ենթակա է հայտարարագրման

Ոչ, վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։

39. Արդյո՞ք խնայողությունները ենթակա են հայտարարագրման

Ոչ, տարբեր տարիներին ստացված եկամուտներից խնայողությունները ենթակա չեն հայտարարագրման (խնայողությունը տվյալ տարվա համար չի համարվում ստացված եկամուտ)։

40. Եթե ՀՀ քաղաքացին 2024 թվականի ընթացքում ծառայության դիմաց ստացել է եկամուտ, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ եկամուտները

Այո, եթե 2024 թվականի ընթացքում որևէ ծառայության դիմաց ստացել եք եկամուտ, ապա այդ եկամուտները ևս պետք է ներառել հայտարարագրում, որը ենթակա է հարկման։

41. Արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նպաստները, թոշակները, կրթաթոշակները և այլն

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք նպաստ, կենսաթոշակ, հաշմանդամության կամ զինվորական թոշակ, կրթաթոշակ և այլն, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

42. Արդյո՞ք պետք է հայտարարագրել երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստը, ինչպես նաև ալիմենտը

Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստ, ապա այդ գումարը ստացող ծնողը՝ հայտարարտու լինելու պարագայում, իր հայտարարագրում պետք է ներառի այդ եկամուտները, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

43. Շահումից ստացված եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում և արդյո՞ք դրանք ենթակա են հարկման

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք շահումից ստացված եկամուտներ, ապա դրանք պետք է ներառեք հայտարարագրում։ Խաղատներում, տոտոլիզատորից, վիճակախաղերից ստացվող շահումները ենթակա ՉԵՆ հարկման։

44. Արդյո՞ք պետք է հայտարարագրել գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք գործուղման ծախսերի փոխհատուցում, ապա այդ եկամուտների մասին տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։ Այս եկամուտները հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել, որ գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները լրացվում են, եթե գերազանցել է տարեկան 3 մլն դրամը, 3 մլն դրամը չգերազանցող գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները կարող են չհայտարարագրել։

22/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.74
-0.10
Եվրո (EUR)
416.60
+3.80
Ռուբլի (RUR)
4.05
+0.05
Լարի (GEL)
139.52
-0.43
35098.00
+377.00
Արծաթ
390.81
+2.85