ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՍՏԱՆԱՆ ՍԵՐՄԱՑՈՒ, ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ԵՎ ԴԻԶՎԱՌԵԼԻՔ
Կառավարությունը հաստատել է ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով 2013թ. աշնանացանի համար ՀՀ մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը:
Կառավարության ներկայացրած տվյալների համաձայն՝ մինչև ս.թ. հուլիսի 12-ը յոթ մարզից ստացվել է 147 նախնական ցանկ-հայտ:
Սպասվում է, որ 2013թ. աշնանացանի համար կբաշխվի 3 հազար 400 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:
Միևնույն ժամանակ, հաստատվել է նաև երկրի հողօգտագործողներին 2013թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Այդ նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է ավելի քան 380 մլն դրամ: Հանրապետություն կներկրվի 8 հազար 310 տոննա ամոնիակային սելիտրա, և 50 կգ կշռող 1 պարկը 6 հազար դրամով կվաճառվի հողօգտագործողներին:
Կառավարությունից հայտնում են, որ իրագործվելու է նաև դիզվառելիքի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի վառելիքի ծավալները մարզպետների հետ ճշտելուց հետո: