Reinvent by Renderforest 2021-ում ներկայացվեց Ամերիաբանկի reinvent-ը
Հունիսի 5-ին տեղի ունեցավ Reinvent by Renderforest 2021 թվային համաժողովը, որը մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի ավելի քան 40 առաջատար փորձագետի, որոնք իրենց փորձն ու մասնագիտական խորհուրդները ներկայացրին համաժողովի շուրջ 1200 մասնակիցներին։
Բանախոսների թվում էր Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։ Վերջինս խոսել է «Թվային ճարտարապետությունը` որպես փոխակերպման խթան» թեմայով։
«Միջոցառման անվանումը մեզ շատ մոտ է, քանի որ մենք էլ ենք այսօր անում «reinvent». թվային տրանսֆորմացիան հենց «reinvent» է, այսինքն, ավանդական բանկը դառնում է թվային բանկ», – ասում է Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն ու կարևորում արդեն իսկ կուտակած փորձը համաժողովի շրջանակում երիտասարդ մասնագետների ու սկսկնակների հետ կիսելը։
«Մեզ համար կարևոր էր պատմել՝ ինչ ճանապարհ ենք անցնում, որտեղ ենք հասել։ Սա նաև հնարավորություն էր կապվել հայկական շուկայի մասնագետների հետ, որոնց ֆինթեքային ուղղությունը հետաքրքիր կլինի», – ասում է բանախոսն ու հավելում, որ ճանապարհի ընթացքում կարևոր է կրթությունը։
Ըստ Արտյոմ Շամցյանի՝ ինչպես ավանդական բանկն է փոխակերպվում թվայինի, այնպես էլ մասնագետներն են որոշակի «փոխակերպումների» ենթարկվում։ Մասնագետն օրինակ է բերում տերմինաբանությունը. կարող ես լինել ֆինանսական ոլորտի հրաշալի աշխատակից, բայց պարտադիր չէ իմանալ բոլոր տերմինները, որովհետև ավանդական բանկը հետզհետե անցնում է թվայինի, հետևաբար տեխնոլոգիաների փոփոխությանը զուգահեռ փոխվում է նաև ֆինոլորտում աշխատողի բառապաշարը։
«Մենք արդեն նոր աշխատակից ընտրելիս կարևորում է, որ ստանդարտ ֆինանսական գիտելիքից ու փորձից նաև անցնենք ֆինթեքային պրոֆիլավորման»։
Ի դեպ, սա ավանդականից թվայինի փոխակերպման վերջին փուլը չէ։ Լրագրողների հարցին՝ հնարավոր է արդյոք Հայաստանում գործող բանկերն այլևս մասնաճյուղեր չունենան.
«Կարծում եմ՝ այո։ Կարծում եմ՝ հայկական բանկերն էլ են դա գիտակցում։ Այլ հարց է, որ պատրաստվածության մակարդակը կարող է խանգարել։ Ամբողջական անցումը թվայինի ենթադրում է, որ անհրաժեշտ է թվային ճարտարապետություն ունենալ, որովհետև թվային ծառայությունները որևէ մոբայլ հավելված չէ, որ ցանկացած բանկ կարողանա այն ստեղծել ու հանել շուկա։ Թվային տրանսֆորմացիան, թվային ճարտարապետությունը մեծ փոփոխություն է, որի վրա հիմնվում են շատ ծառայություններ: Բայց դա չի նշանակում, թե մասնաճյուղերը կդադարեն գոյություն ունենալ»։
Ամերիաբանկն այս տարի կգործարկի նոր մոբայլ թվային բենքինգ ծառայություն, որի հիմքում թվային ճարտարապետությունն է։
Ի դեպ, Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանն իր ելույթը եզրափակեց տեղեկացնելով՝ Ամերիաբանկում թափուր աշխատատեղեր ունեն. երիտասարդ մասնագետների լսարանում ֆինթեք ոլորտում աշխատանք փնտրողներ հաստատ կլինեն։