Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 69.31+1.72 WTI - 67.64+1.90
COMEX:  GOLD - 3341.70+0.66 SILVER - 37.01+0.08
COMEX:  PLATINUM - 1379.80-0.09
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 146.01+0.69 EUR/GBP - 1.1747-0.03
FOREX:  EUR/USD - 1.1747-0.03 GBP/USD - 1.3631+0.12
STOCKS RUS:  RTSI - 1102.97-1.48
STOCKS US: DOW JONES - 44406.36-0.94 NASDAQ - 20412.52-0.92
STOCKS US: S&P 500 - 6229.98-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8806.53-0.19 CAC40 - 7723.47+0.35
STOCKS EUR:  DAX - 24073.67+1.20
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
23/07/2009 20:51
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍԵԼ Է ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել գործադիրի նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա հանդես է եկել ներածական խոսքով.

«Կառավարության այսօրվա նիստն ուզում եմ սկսել ազգային վիճակագրական ծառայության մեր տնտեսության վիճակը բնութագրող ցուցանիշներից եւ մի քանի մեկնաբանություն կատարել։ Այս ցուցանիշների քաղաքական վերլուծության պակաս կարծես թե չկա, տրվում են տարբեր գնահատականներ, տարբեր տեսակետներ են հնչում, բայց ցավոք մասնագիտական վերլուծության պակաս ակնհայտորեն ունենք, քանի որ զանգվածային լրատվական միջոցներում չենք տեսնում մասնագիտական վերլուծություններ։ Ես ուզում եմ մեր տնտեսագետների, վերլուծաբանների ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա եւ հորդորել նրանց, որպեսզի արձագանքեն այս ցուցանիշներին եւ ներկայացնեն, այդ թվում նաեւ քննադատական, մասնագիտական վերլուծություններ, որոնց կարիքը մենք ունենք եւ որոնք, բնականաբար, շատ օգտակար են մեզ համար։ Եվ այսպես, վեց ամսում մենք արձանագրել ենք 16,3 տոկոս անկում, հինգ ամսվա համեմատ անկման ցուցանիշը խորանում է. հինգ ամսվա կտրվածքով ունեինք 15.7 տոկոս անկում եւ կանխատեսում էինք, որ մոտակա ամիսներին տնտեսական անկման ցուցանիշը խորանալու է։ Առաջին հերթին դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008թ. նույն ժամանակահատվածում ունեցել ենք տնտեսական աճի բարձր տեմպեր, որոնք առաջին հերթին պայմանավորված էին շինարարության աճով։ Այդ աճը 2008թ. աննախադեպ է եղել։ Առաջին անգամ շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում գերազանցեց 30 տոկոսը։ Մեզանում շինարարության 70 տոկոսը իրականացվում է մասնավոր հատվածի հաշվին։ Ընդ որում, այդ հատվածի ֆինանսավորման կառուցվածքը նույնպես չափազանց հետաքրքրական է. կառուցապատողների սեփական միջոցները չեն գերազանցում 30 տոկոսը եւ շինարարությունը հիմնականում իրականացվում է ներգրավված միջոցների հաշվին, ապագա բնակարանների սեփականատերերի հաշվին։ Դա նշանակում է, որ մեր քաղաքացիների եւ ներդրողների սպասումները տնտեսական աճի տեսակետից ունեն էական նշանակություն։ Մեր կանխատեսումներով մոտակա ամիսների տնտեսական աճի ցուցանիշների անկումը ավելի խորը պետք է լիներ։ Մենք չէինք բացառում, որ այն տարվա ընթացքում կարող է կազմել 20 տոկոս. դա, իհարկե, հոռետեսական սցենարն էր, բայց այս ամսվա հաշվետվությունը, որ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց, պարունակում է որոշ դրական ազդակներ։ Նախ, շինարարության ոլորտում այս ամսվա ընթացքում մենք մայիսի նկատմամբ արձանագրել ենք աննախադեպ աճ` շուրջ 230 տոկոս։ Դա մի կողմից պայմանավորված է շինարարության ոլորտի սեզոնայնությամբ, բայց մյուս կողմից նաեւ դրական սպասումների ձեւավորումն է եւ այն միջոցառումները, որոնք մենք ձեզ հետ միասին իրականացրինք։ Մասնավորապես, մենք վեց կառուցապատողների տրամադրել ենք պետական երաշխիքներ, ինչը նրանց հնարավորություն է տալիս առեւտրային բանկերից լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել։ Երկրորդը հիպոթեքային հիմնադրամի աշխատանքների սկիզբն էր, ինչի մասին հայտարարեց Կենտրոնական բանկը։ Դա նույնպես դրական սպասումներ է ստեղծում, եւ երրորդ ամենակարեւորը մասնավոր հատվածից եկող ներդրումներն են, այն, որ մեր քաղաքացիները սկսեցին բնակարաններ ձեռք բերել։ Այս երեք գործոնների արդյունքում շինարարության ոլորտում մենք այս ամսվա ընթացքում մայիսի համեմատ նկատեցինք աննախադեպ փոփոխություն։ Արդյունաբերության ոլորտում անկումը շուրջ 12 տոկոս է։ Համադրելով էլեկտրաէներգիայի ծախսի ծավալները, համոզվում ենք, որ այս ցուցանիշը իրատեսական է։ Գյուղատնտեսության մեջ վեց ամսում նախորդ տարվա վեց ամսվա համեմատ մենք ունենք 2.5 տոկոս անկում։ Այստեղ սեզոնայնությունը իր բացասական ազդեցությունը թողել է, եւ հույս ունենք, որ օգոստոս ամսվա ընթացքում այս ոլորտի իրավիճակը կարող է շտկվել։ Չափազանց կարեւոր է մանրածախ ապրանքաշրջանառության ցուցանիշը։ Չնայած այն հանգամանքին, որ մասնավոր տրանսֆերտները այս վեց ամիսների ընթացքում նախորդ տարվա վեց ամիսների համեմատ կտրուկ նվազել են, չնայած ունենք 16 տոկոս տնտեսական անկում, մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը այս տարվա վեց ամսում նախորդ տարվա վեց ամիսների համեմատ ոչ միայն չի նվազել, այլեւ մի փոքր աճի միտում ունի։ Ինչո՞վ է բացատրվում այս հանգամանքը։ Առաջին հերթին նրանով, որ այս տարվա վեց ամիսների ընթացքում աշխատավարձը ՀՀ-ում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում աճել է շուրջ 13 տոկոսով։ Թոշակները նույնպես նախորդ տարվա վեց ամսվա համեմատ բարձրացել են առնվազն 14 տոկոսով։ Այսինքն, 100 հազարավոր մարդիկ իրենց վճարունակությունը բարձրացրել են, ինչը չէր կարող չանդրադառնալ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների վրա։ Սա կարեւոր գործոն է։
Երկրորդ կարեւոր գործոնը ՀԴՄ-ների կիրառումն է, որը հնարավորություն է ստեղծել ստվերից դուրս բերել մանրածախ ապրանքաշրջանառությունը։ Իհարկե մենք գիտակցում ենք, որ ստվերայնության տեսակարար կշիռը այդ ոլորտում դեռեւս բավականին բարձր է, բայց ՀԴՄ-ների կիրառումը արդեն իսկ տալիս է դրական ազդեցություն եւ դա մենք կարողանում ենք արձանագրել մեր մակրոցուցանիշներով։ Չափազանց կարեւոր է, որ համախառն ներքին արդյունքի մեջ իր տեսակարար կշռով երկրորդ ոլորտը հանդիսացող ծառայությունների ոլորտում մենք նույնպես վեց ամսում աճ ենք արձանագրել։ Կարելի է ասել, որ ծառայությունների ոլորտում պահպանվել է նախորդ տարվա վեց ամիսների մակարդակը։ Հինգ ամիսների կտրվածքով մենք ունեինք մի փոքր անկում, իսկ վեց ամսում ունեցանք մի փոքր աճ։ Ապրանքաշրջանառության մեջ ընդհանուր առմամբ արտահանման ցուցանիշը նախորդ տարվա վեց ամիսների ցուցանիշի 54 տոկոսն է կազմում, իսկ ներմուծմանը` 72.5 տոկոսը։ Այսինքն, մենք ունենք ներմուծման ծավալի շուրջ 27 տոկոս եւ արտահանման ծավալի շուրջ 45 տոկոս անկում։ Կարեւորն այն է, որ վեց ամիսը եւ հինգ ամիսը համեմատելիս ունենք որոշակի բարելավում, այսինքն դրական դինամիկա։ Պետք է նշել, որ հունիսին մայիսի համեմատ ունենք արտահանման 37 տոկոս եւ ներմուծման 45 տոկոս աճ, ինչը վկայում է որոշակի դրական տեղաշարժ։
Մեր քաղաքականության մասին. իրեն արդարացնու՞մ է արդյոք մեր ընտրած մակրոտնտեսական ռազմավարությունը։ Վերջին հինգ տարիների ընթացքում ե՛ւ հարկաբյուջետային, ե՛ւ դրամավարկային քաղաքականությունը տնտեսական աճի տեսակետից եղել են զսպողական, եւ դա տեսության մեջ համարվում է գրագետ քաղաքականություն։ Երկնիշ տնտեսական աճի դեպքում հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը պետք է լինի զսպողական, որպեսզի տնտեսությունը չափից ավելի չտաքանա։ Իսկ տնտեսական անկման դեպքում հակառակը, ե՛ւ դրամավարկային, ե՛ւ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինեն ընդլայնողական։ Ի՞նչ է դա նշանակում։ Այն, որ պետությունը պետք է ավելացնի իր ծախսերը եւ եթե նույնիսկ սեփական եկամուտների տեսքով չունի այդ ծախսերը ավելացնելու ֆինանսական միջոցներ, ապա արտաքին եւ ներքին շուկաներից պետք է ներգրավի լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ինչը մենք ձեզ հետ միասին իրականացնում ենք այս տարի եւ ունենք աննախադեպ ընդլայնողական ֆիսկալ քաղաքականություն։ Կենտրոնական բանկը նման քաղաքականություն սկսել է իրականացնել մարտ ամսից հետո, երբ իրականացրինք լողացող փոխարժեքի վերադարձը, եւ Կենտրոնական բանկը ստիպված էր 1 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` արձանագրելով, որ մտել ենք գնաճային ավելի ցածր մակարդակի փուլ։ Կենտրոնական բանկը սկսեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն անցում կատարեց ընդլայնողական քաղաքականության։ Դրա բովանդակությունն այն է, որ տնտեսական աճի խթան է հանդիսանում ե՛ւ հարկաբյուջետային քաղաքականությունը, ե՛ւ դրամավարկային քաղաքականությունը, ինչը հակաճգնաժամային բովանդակություն ունի, եւ ավելորդ էին այն խոսակցությունները, թե արդյո՞ք նպատակահարմար է սեկվեստր իրականացնել։ Բոլոր փորձագետները, Արժութային հիմնադրամը եւ ՀԲ-ն մեզ հետ համամիտ են, որ անհրաժեշտ է պահպանել պետական ծախսերի բարձր մակարդակը, որովհետեւ այն զսպում է տնտեսական անկումը։ Բնականաբար, մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք մեր բյուջեի ծախսային մասի վերաբաշխումներ այնքանով, որքանով օրենսդրությունը մեզ թույլ է տալիս։ Ավելին, մենք Ազգային Ժողովից օրենքի փոփոխության ձեւով թույլտվություն ենք ստացել, որ մեր բյուջեի դեֆիցիտը կարող է հասնել համախառն ներքին արդյունքի7.5 տոկոսի։ Սա նշանակում է, որ արտաքին և ներքին պարտքերի ներգրավման առումով մեզ ԱԺ-ն տվել է լրացուցիչ հնարավորություններ, ինչից և մենք օգտվել ենք՝ ստանալով լրացուցիչ ֆինանսական միջոցներ Արժութային հիմնադրամից` այս տարվա համար շուրջ 150 մլն դոլար և 150 մլն դոլար էլ 2010 թվականի համար, ՀԲ-ից` 60 մլն դոլար ուղղակի բյուջեի ֆինանսավորման համար, Ասիական բանկից` 80 մլն դոլար։ Այդ հեղինակավոր միջազգային կառույցները գտնում են, որ մեր իրականացրած ընդլայնողական քաղաքականությունը արդարացված է եւ պետք է շարունակվի նաև 2010 թվականին, որպեսզի մենք կարողանանք հակացիկլիկ լինել և խթանել տնտեսական աճը՝ օգտվելով այն բացառիկ հնարավորությունից, որ գնաճային ճնշումները այս պարագայում դեռևս մեզանում բացակայում են։
Ուզում եմ անդրադառնալ ՀՀ հարկային և մաքսային վարչարարությունը բնութագրող չափազանց կարևոր ցուցանիշների։ Ամենածանր աշխատանքն այսօր ՊԵԿ-ինն է, որովհետև տնտեսական անկման ժամանակ հարկային և մաքսային վարչարարությունը խստացնելը և բարելավելը չափազանց բարդ գործ է, ուստի անհրաժեշտ է, որպեսզի ՊԵԿ-ն ունենա մեր աջակցությունը։ Դրա համար կառավարության անդամներին տրված են հանձնարարականներ, որպեսզի բոլորն իրենց ոլորտներում աջակցություն ցույց տան ՊԵԿ-ին։ Եվ դա պետք է առարկայական լինի, ձեր նախարարությունների լիազորությունների դաշտում գտնվող ձեռնարկությունները պետք է ձեզնից ստանան համապատասխան ազդակներ, որպեսզի ամբողջապես կատարեն իրենց հարկային պարտավորությունները։ Չափազանց կարևոր է նաև ձեր մարդկային, բարոյական աջակցությունը։ Մենք ՊԵԿ-ում իրականացրել ենք բավականին լուրջ և ցավոտ բարեփոխումներ, հնչեցրել ենք սուր քննադատություն, ինքներս բացահայտ խոսում ենք մեր թերությունների մասին։ Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից է այն, որ մենք ինքներս բացահայտենք մեր պրոբլեմները և ինքներս էլ բացահայտ խոսենք դրանց մասին։ Այս բաց խոսակցությունը և քննադատությունն արդեն տվել են իրենց արդյունքն ու ցուցանիշները, ինչի վկայությունն են մեր վերլուծությունները։ Ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել չափազանց կարևոր մի քանի ցուցանիշ։ Այս տարի օրենսդրորեն ընդլայնել ենք հարկային արտոնությունները փոքր և միջին բնզնեսի համար։ ԱԱՀ-ի գծով 58 մլն դրամի շեմը չգերազանցող սուբյեկտների քանակը շուրջ 32 հազար է, հաստատագրված վճարումից օգտվողների քանակը 20 հազարից ավելի է։ Այս սուբյեկտներն այս տարի օգտվել են հարկային արտոնությունից, ուստի այդ պատճառով նախորդ տարվա համեմատ շուրջ 25 մլրդ դրամ պակաս ենք հավաքելու։ Սա նշանակում է, որ հարկային ցուցանիշների կատարման տեսակետից այս գործոնը պետք է հաշվի առնվի։ Երկրորդ չափազանց կարևոր գործոնն այն է, որ գերավճարների առումով մենք նույնպես արձանագրում ենք բավականին լուրջ հաջողություններ։ 2008թ. վեց ամսում գերավճարների առումով կանխիկ ձևով վերադարձրել ենք շուրջ 10 մլրդ դրամ այն պարագայում, երբ այդ ընթացքում ունեինք արտահանման երկու անգամ ավելի մեծ ծավալներ, քան այս տարի։ Այս տարվա վեց ամիսներին մենք 8.5 մլրդ կանխիկ գերավճարների վերադարձ ենք կատարել, ինչն աննախադեպ ծավալ է արտահանման ծավալների համեմատ։ Իսկ ընդհանուր, այդ թվում անկանխիկ գերավճարների ծավալը վեց ամսում գերազանցում է 20 մլրդ դրամը։ Եվ, բնականաբար, հարկային պարտավորությունների կատարման հարաբերակցոությունը ՀՆԱ-ի մեջ դիտարկելիս վերլուծաբաններն անպայման պետք է հաշվի առնեն այս երկու կարևորագույն գործոնը։ Այս միջոցառումների արդյունքում լրացուցիչ լիկվիդային միջոցներ ենք թողել և՛ փոքր ու միջին ձեռնարկատերերին, և՛ ընդհանուր առմամբ տնտեսության մեջ։ Չնայած այս արտոնություններին, մենք արձանագրում ենք, որ 2009թ. վեց ամիսներին մենք ունենք հարկային վարչարարության բարելավում առնվազն 0.5 տոկոս։ Սա չափազանց կարևոր և շատ մեծ ցուցանիշ է ՀՆԱ-ի մեջ։ Մեր պարտավորությունը միջնաժամկետ ծրագրով նախատեսում էր ՀՆԱ-ի մեջ տարեկան 0.4 տոկոս հարկային վարչարարության բարելավում։ Եթե մենք նախորդ տարին ավարտել էինք հարկային մուտքերը հասցնելով ՀՆԱ-ի 17 տոկոսի և նախատեսել էինք միջնաժամկետ ծրագրում տարեկան 0.4 տոկոսի աճ, ապա այս սցենարը ենթադրում էր, որ տարեկան պետք է ունենայինք առնվազն 8 տոկոս տնտեսական աճ։ Եվ հասկանալի է, որ 16 տոկոս տնտեսական անկման պարագայում ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը 0.5-0.6 տոկոսով ավելացնելը չափազանց ծանր խնդիր է, բայց այն ՊԵԿ-ն իրականացրել է։ Սա որակական փոփոխություն է հարկահավաքման ոլորտում։
Մենք քաջ գիտակցում ենք, որ ստվերային տնտեսության տեսակարար կշիռը դեռևս բավականին բարձր է, բայց նաև գնահատելի է, որ տնտեսական անկման ժամանակ էլ այս բարեփոխումներն իրականացվում են, իսկ սա մեր միակ ճանապարհն է։ Վերլուծաբանների ուշադրությունն ուզում եմ հրավիրել եւս մեկ հանգամանքի վրա, ինչը լրացուցիչ բացատրության կարիք ունի. հարկային մուտքերի կառուցվածքում եթե վերցնենք շահութահարկը, ապա 2008թ. դրա տեսակարար կշիռը հարկերի մեջ կազմել է 11.9 տոկոս։ Այս տարվա վեց ամսվա արդյունքում մենք ունենք 16 տոկոս շահութահարկ։ Կարծես թե այդպիսի իրավիճակ չպետք է լիներ։ Եթե մենք ունենք տնտեսական անկում, դա նշանակում է, որ ձեռնարկությունների շահութաբերության հետ խնդիրներ պետք է ունենայինք և կարծես թե շահութահարկի տեսակարար կշիռն ընդհանուր հարկերի կառուցվածքի մեջ պետք է նվազեր։ Բայց իրավիճակն այստեղ փոխվել է և տեսակարար կշիռն ավելացել է առաջին հերթին ի հաշիվ ստվերային տնտեսության նվազման։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ ստվերային տնտեսության հիմնական մասը մեր ներքին տնտեսությունն է։ Բոլոր մակրոտնտեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ մաքսային ոլորտում հավաքված հարկերի եւ ներմուծման ծավալների հարաբերակցությունը հասնում է 20 տոկոսի։ Դա այն առավելագույնն է, որ կարող ենք մեզ թույլ տալ։ Այսինքն, մաքսային վարչարարությամբ պետության եկամուտներն ավելացնելու ներուժն այդտեղ չնչին է։ Հիմնական ներուժը և հիմնական ստվերային մասը մեր ներքին տնտեսությունն է, մեր ձեռնարկություններն են և առաջին հերթին` խոշորները։ Եվ այն հանգամանքը, որ ՊԵԿ-ին հաջողվել է հարկային մուտքերի ընդհանուր կառուցվածքում բարձրացնել շահութահարկի տեսակարար կշիռը, վկայում է, որ դա հնարավոր է անել միայն ու միայն ստվերային ծավալների կրճատման հաշվին։ Դրա վկայությունն է նաեւ ապրանքաշրջանառության ծավալների ԱՎԾ արձանագրած վեց ամսվա ցուցանիշը, որը պարունակում է նաև ստվերայնության տեսակարար կշռի նվազում։ Կարծում եմ, որ իմ արած հարցադրումները և ներկայացրած ցուցանիշները բավականին հետաքրքրական պետք է լինեն մասնագետների և նրանց վերլուծությունների համար։ Մենք ակնկալում ենք, որ ԶԼՄ-ներում կհայտնվեն մասնագիտական վերլուծություններ, և մենք շնորհակալ կլինենք քննադատական վերլուծությունների համար ևս, ինչը մեզ համար չափազանց կարևոր է»։

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81