ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ WEGELIN & CO. ԲԱՆԿԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՆ-ՈՒՄ
Շվեյցարական Wegelin & Co. բանկը հայտարարել է ԱՄՆ-ում իր գործունեության դադարեցման մասին: Ինչպես նշել են բանկի ներկայացուցիչներն` այսպիսի որոշումը պայմանավորված է ԱՄՆ բանկային օրենսդրության այն հիմնական դրույթների խստացմամբ, որոնք վերաբերում են ԱՄՆ տարածքում արտասահմանյան բանկերի գործունեության կարգավորմանը:
Որոշ վերլուծաբանների կարծիքով շվեյցարական բանկի այսպիսի որոշումը պայմանավորված է նաև շվեյցարական մեկ այլ բանկի` UBS բանկի և ԱՄՆ Հարկային ծառայության միջև ծագած վեճով: Հիշեցնենք, որ այս վեճի արդյունքում UBS բանկը ստիպված է եղել վճարել 780 մլն դոլար տուգանք, ինչպես նաև բացահայտել շուրջ հազար ամերիկացի հաճախորդների վերաբերյալ տվյալներ, որոնք ըստ ԱՄՆ Հարկային ծառայության խուսափել են հարկերի վճարումից: