
ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է
Ֆրանսիայի կառավարությունը տիրապետում է շվեյցարական բանկերում հաշիվներ ունեցող իր այն քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունը, ովքեր կասկածվում են շուրջ 3 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ հարկերի վճարումից խուսափելու մեջ: Կառավարությունը այս քաղաքացիներից պահանջում է կատարել պետության նկատմամբ իրենց պարտավորությունները: Ինչպես հայտնում են Ֆրանսիայի Բյուջեի նախարարությունից` կառավարություն արդեն ուսումնասիրել է շուրջ 3000 քաղաքացիների տվյալներ, ովքեր հաշիվներ ունեն շվեյցարական երեք բանկերում և կասկածվում են պետական մարմիններից իրենց եկամուտների վերաբերյալ տեղեկությունների թակցման մեջ: Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ հարկերի վճարումից խուսափող քաղաքացիները կարող են կարգավորել կառավարության հետ իրենց հարաբերությունները մինչև այս տարվա վերջ, հակառակ դեպքում նրանց նկատմամբ կարող է սկսվել հետաքննություն:
Հիշեցնենք, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը կազմել էր «Հարկային դրախտ» համարվող երկրնեի ցուցակ, որտեղ ներառվել էր նաև Շցեյցարիան: Այժմ Շվեյցարիայի կառավարությունը փորձում է կարգավորել իր հարաբերությունները հարևան երկրների հետ: Նախորդ շաբաթ Շվեյցարիան համաձայնագիր է ստորագել Ֆրանսիական կառավարության հետ, որը նախատեսում է Ֆրանսիայի հարկային մարմինների հարցման դեպքում ներկայացնել շվեյցարական բանկերում հաշիվ ունեցող ֆրանսիացի հաճախորդների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն: