
G20 ԵՐԿՐՆԵՐԸ ԿԽՈՍՏԱՆԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Վաղը` սեպտեմբերի 5-ին, Լոնդոնում կայանալիք G20 գիտաժողովի շրջանակներում աշխարհի զարգացած երկրների ներկայացուցիչները կքննարկեն ֆինանսական համակարգի կայունացման և համաշխարհային տնտեսության արագ վերականգնման հնարավորությունները: Աշխարհի խոշոր երկրների ֆինանսների նախարարների հիմնական մտահոգությունը ներկա պայմաններում տնտեսության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացումն է: Հիշեցնենք, որ զարգացած երկրների ղեկավարներն իրենց նախորդ հանդիպման շրջանակներում չէին հաստատել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման փոխհամաձայնեցված միասնական ռազմավարություն` թողնելով հակաճգնաժամային միջոցառումների մշակման գործընթացը ազգային տնտեսությունների կառավարությունների իրավասությունների շրջանակներում: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն քննարկումների արդյունքում որոշում կընդունվի շարունակել ֆինանսական աջակցության տրամադրման քաղաքականությունն այնքան ժամանակ, քանի դեռ չեն նկատվում տնտեսության առողջացման հիմնարար նախանշաններ: