ՄԱԿ –ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆՓԱՑՔՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՆԱ-Ն ԿԿՐՃԱՏՎԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2,5%-ՈՎ
Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) հրապարակած զեկույցի համաձայն ֆինանսատնտեսական ցնցման արդյունքում համաշխարհային տնտեսությունն այժմ գտնվում է լայնամասշտաբ ճգնաժամի մեջ, որի հաղթահարման համար կպահանջվի երկար ժամանակ: Հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն այս տարվա ընթացքում համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի ավելի քան 2,5%-ով:
Զեկույցի հեղինակները նշում են, որ ֆինանսական ճգնաժամը, որը սկսվել է ԱՄՆ հիփոթեքային շուկայից, կարճ ժամանակահատվածում ընդգրկեց ԱՄՆ ամբողջ ֆինանսական համակարգը և տարածվեց զարգացած մյուս երկրներում: Ներկա դրությամբ աշխարհի բոլոր երկրներում զգալի են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները: Զեկույցում հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն համաշխարհային տնտեսության վերականգնումն առաջիկա տարիների ընթացքում անիրական է: Որպես ճգնաժամի հաղթահարման ուղի զեկույցի հեղինակներն առաջարկում են ընդլայնող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության կիրառում, որը հնարավորություն կտա որոշակիորեն սահմանափակել սպառողական պահանջարկի անկման տեմպերը: