NEWS CORP. ՄԵԴԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԻՐ ՇԱՀՈՒՅԹԸ «ՍԱՌՑԵ ԴԱՐԱՇՐՋԱՆ»-Ի ՇՆՈՐՀԻՎ
Ամերիկյան խոշորագույն մեդիաընկերություններից մեկը` News Corp. ընկերությունը, հրապարակել է 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության հաշվետվությունը: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ աճել է 11%-ով և կազմել 597 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կրճատվել է 4%-ով և կազմել 7,2 մլրդ դոլար:
News Corp. ընկերության սեփականատեր և ղեկավար Ռուպերտ Մերդոկը (Rupert Murdoch) նշել է. որ ներկայումս տնտեսության այն ոլորտը, որտեղ ընկերությունը ծավալում է իր գործունեութունը, գտնվում է ավելի լավ տնտեսական վիճակում, քան մեկ տարի առաջ, և ընկերությունը այժմ վերանայել է իր տարեկան կանխատեսումները և լավատեսական սպասումներ ունի առաջիկա մեկ տարվա համար:
Նշենք, որ հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթի աճը մեծապես պայմանավորված է կինոարտադրության ոլորտում ընկերության գործունեությամբ, մասնավորապես ընկերությանը պատկանող Twentieth Century Fox կինոստուդիայի արտադրած «Սառցե դարաշրջան 3» («Ice Age: Dawn of the Dinosaurs») ֆիլմը երեք ամիսների ընթացքում ընկերությանն ապահովել է շուրջ 880 մլն դոլար: