ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ «ԳՈՐՇ» ԴՐԱԽՏ
Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) հայտարարության համաձայն Լիխտենշտեյնը, ՏՀԶԿ-ի պահանջներին համապատասխան, վերանայել է հարկային օրեսդրությունը և իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ` այևս չի համարվում «հարկային գորշ դրախտ»:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՏՀԶԿ-ն հրապարակել էր այն երկրների անունները, որտեղ գործում է օտարերկրյա ընկերությունների համար շահավետ հարկային օրենսդրություն:
Կազմակերպությունը երկրները դասակարգել էր երեք խմբի` «սպիտակ», «գորշ» և «սև»: «Սպիտակ» ցուցակում հայտնվել էին այն երկրները, որոնք համագործակցության պայմանագրեր են կնքել ՏՀԶԿ-ի հետ և ունեն արդյունավետ հարկային օրենսդրություն: «Գորշ» համարվել էին այն երկրները, որոնք հարկային վարչարարության ոլորտում համագործակցության պայմանագրեր են կնքել ՏՀԶԿ-ի հետ, սակայն հարկային օրենսդրությունը բարեփոխման կարիք ունի, իսկ «սև» ցուցակում հայտնվել էին այն երկրները, որոնք հրաժարվել էին համագործակցությունից: