ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՆԵՐԴՐՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ
«Windows» օպերացիոն համակարգում հայկական էլեկտրոնային տառատեսակները ներդնելու ուղղությամբ բանակցություններ են տարվում ՀՀ ազգային գրապալատի, մշակույթի նախարարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ: Արդեն պայմանավորվածություն կա «Adobe» համակարգչային ծրագրի պատասխանատուների հետ, եւ առաջիկայում հայկական էլեկտրոնային տառատեսակներն այդ ծրագրում եւս կներդրվեն:
Ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման եւ մշակման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանն այսօր տեղեկացրել է, որ արդեն նշված նպատակների ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են: Ատեղծվել է «Հայկական համակարգչային տառատեսակների որակական չափորոշիչների ստանդարտ», որի հաստատումը պայմանավորված է ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական համակարգերում հայկական տառատեսակների ներդրման պահպանման, համակարգչային տառատեսակների հետագա նախագծման, մշակման եւ դրանց կիրառությունը կանոնակարգելու որակական չափորոշիչների սահմանման անհրաժեշտությամբ:
Ստանդարտն այս տարի օգոստոսին հաստատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ու գործում է հայկական տառատեսակների միջազգային մրցույթում: Հայկական համակարգչային տառատեսակների ստանդարտում առաջին անգամ ներկայացվում են կիրառման ոլորտները, հիմնական հասկացությունները, տերմիններն ու սահմանումները, տառատեսակների դասակարգումն ու գնահատման չափորոշիչները, գծագրական հիմնական տարրերը: Առաջիկայում աշխատանքներ կտարվեն նաեւ համակարգչային տառատեսակների արտոնագրման չափորոշիչների ու մեխանիզմների մշակման, հանրությանը հայ տառաստեղծների աշխատանքների պատշաճ ներկայացման ուղղությամբ:
Ստանդարտի ընդունումը նպաստելու է նաեւ «Յունիկոդ» կոդավորման համակարգին համապատասխան համակարգչային տառատեսակների անհրաժեշտ լրակազմի, կիրառման ոլորտների, հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրների կանոնակարգմանը, ինչպես նաեւ գրահրատարակչության եւ պետական պաշտոնական պարտադիր կիրառման ոլորտներում համակարգչային տառատեսակների վերաբերյալ ազգային ստանդարտների հետագա մշակմանն ու կիրառմանը:
Այս ստանդարտի կիրառման ոլորտներն են նաեւ գրահրատարակչությունը, էլեկտրոնային հաղորդակցման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների գործածման ու տեղեկատվության փոխանակման այլ բնագավառներ: Գրահրատարակչության բնագավառում զանազանվում են հատկապես մանկական եւ հատուկ գրականության դասագրքերի համար համակարգչային տառատեսակները: Մինչ այժմ համակարգչայնացված հայկական տեքստերը տպվում են «arial» կամ «times» լատինական հիմքի վրա: