ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԱՎՏՈՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ
Քիչ առաջ ավարտված նիստի ընթացքում ՀՀ կառավարությունն իր ընդունած որոշումներով ձեռնամուխ է եղել տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության եւ գրավի իրավունքների պարտադիր իրականացման ինստիտուտի ներդրմանը։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կարգավորվում է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության եւ գրավի իրավունքների գրանցման ընթացակարգը, սահմանվում են իրավունքները չգրանցելու հետեւանքները, կարգավորվում են իրավունքների գրանցմանն առնչվող այլ հարաբերություններ։ Հաշվի առնելով, որ ՀՀ գործող օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի փոփոխության դեպքում պարտադիր է դրանց հաշվառումը (վերահաշվառումը), սեփականության իրավունքի գրանցումը լրացուցիչ պարտավորություններ չի դնի տրանսպորտային միջոցներ ձեռք բերող անձանց վրա։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սույն որոշումների փաթեթի ընդունումը բխում է ՀՀ նախագահի հանձնարարականից, ուստի այն հնարավորինս սեղմ ժամկետում պետք է լրամշակել եւ ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով` քննարկումը համարելով անհետաձգելի։