ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱՆ 15 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԴՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման եւ արտադրության ոլորտի ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը այսօր հայտարարեց, որ Սինոփսիս Արմենիա ընկերությունը 15000 ԱՄՆ դոլլար է տրամադրել ՍԱՈւԴ ի տեխնիկական գրադարանը գերժամանակակից մասնագիտական գրքերով համալրելու համար: Այս նվիրատվությունը ցուցադրում է Սինոփսիսի շարունակական ավանդը Հայաստանի երիտասարդության և ՏՏ կրթության ոլորտում, ինչը հիմնարար բաղադրիչ է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների տնտեսության մրցունակությունը բարձրացնելու գործում:
Սինոփսիս Արմենիան իր ուսումնական դեպարտամենտի միջոցով բարձրագույն կրթություն է տրամադրում միկրոէլեկտրոնիկայի բնագավառում: Հիմնված լինելով բուհ արտադրություն համագործակցության հաջողված ուսումնական մոդելի վրա` ՍԱՈւԴ ը պատրաստում է բարձր որակավորում ունեցող, գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման (VLSI) և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտների արդյունաբերություն մուտք գործելուն պատրաստ մասնագետներ: Ավելի քան 400 ուսանող է ավարտել ՍԱՈւԴ ը և նրանցից շատերը այսօր աշխատում են Սինոփսիս Արմենիա ընկերությունում կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեղական այլ ընկերություններում:
Ուսանողներին համաշխարհային մակարդակի կրթություն տրամադրելու նպատակով, ՍԱՈւԴ ը առաջարկում է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները.
– աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր համալսարանների կողմից որդեգրված համապարփակ ուսումնական ծրագիր
– Սինոփսիսի գերժամանակակից, էլեկտրոնային ավտոմատ նախագծման ոլորտի առաջատար ծրագրային միջոցներ և ուսումնական նախագծման փաթեթներ
– բարձր որակավորում ունեցող և փորձառու դասախոսական կազմ
– ժամանակակից տեխնիկական ենթակառուցվածք և միջավայր
Նոր ձեռք բերված գրքերը գիտելիքների լայն շրջանակներ են առաջարկում համակարգչային ճարտարապետության և միկրոէլեկտրոնիկայի, ծրագրավորման, սկրիպտավորման, մաթեմատիկայի ոլորտներում: Դրանք արժեքավոր լրացում կլինեն Սինոփսիս Արմենիայի տեխնիկական գրադարանում առկա ՍԱՈւԴ ի դասախոսությունների, լաբորատոր աշխատանքների, կուրսային նախագծերի և տնային առաջադրանքների ուղեցույցներին:
«Դասագրքերը անչափ կարևոր են գիտելիքների անծայրածիր աշխարհի դուռը ուսանողների առջև բացելու համար», – ասում է Սինոփսիսի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը: «ՍԱՈւԴ ի գրադարանը թարմացնելու այս վերջին ներդրմամբ Սինոփսիսը ավելի լայն է բացում գիտելիքների այդ դուռը` նպաստելով ուսանողներին սովորել և մասնագիտական կարիերայում ունենալ հաջողություններ»:
«ՍԱՈւԴ ը շատ մեծ արժեք է մեզ համար Հայաստանում, որը ճարտարագիտական կրթություն է տալիս «բուհ-արտադրություն» եզակի մոդելի իրականացմամբ», – ասում է Սինոփսիս Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: «Այս ծրագիրը հիմնարար դեր է կատարում Հայաստանում ՏՏ ի զարգացման գործում, և մեր շարունակական ներդրումը կօգնի հաստատուն պահել դրա աճող հզորությունը»:
«Մեզ համար սա հիանալի հնարավորություն է ստանալու համաշխարհային մակարդակի կրթություն այնպիսի եզակի և գերժամանակակից պայմաններում, ինչպիսիք առկա են ՍԱՈւԴ ում: Մենք բարձր ենք գնահատում Սինոփսիսի ներդրումները ՏՏ ոլորտում և կանենք հնարավորինը գիտելիքներով զինվելու և արտադրություն մուտք գործելուն պատրաստ բարձր որակավորմամբ մասնագետներ դառնալու համար», – ասում է «Էլեկտրոնային նախագծում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի` Աղավնի Թովմասյանը: «Այս նոր մասնագիտական գրքերից օգտվելու հնարավորությունը նոր ուսումնական կիսամյակի հիանալի սկիզբ է»:
Սինոփսիս Արմենիա ՓԲԸ եւ Սինոփսիս ընկերության մասին
Հիշեցնենք, որ Սինոփսիսը կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման և ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության և արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն և նախագծման ծառայություններ: Այն սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո: Ժամանակի ընթացքում Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) դարձել է ընկերության խոշորագույն ստորաբաժանումներից մեկը, որը գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA), արտադրության համար նախագծման և մտավոր սեփականության (IP) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են մի քանի հարյուր որակյալ ճարտարագետներ, և ընկերությունը ՏՏ ոլորտում խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի, այդ թվում` Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական պետական (սլավոնական) համալսարանի, ինչպես նաև Մոսկվայի Էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Բացի այդ, ընկերությունը հետևողականորեն խթանում է հասարակայնության հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ` հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին շնորհվող ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևը, անցկացնելով երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթներ, կազմակերպելով ԶԼՄ-ների հրապարակումներ, բարեգործական և կամավոր աշխատանքներ: Սինոփսիս-Արմենիա ՓԲԸ գտնվում է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 65 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում: