ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ 700 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ԽՆԴՐԵՑ ԿՈՆԳՐԵՍԻՑ
ԱՄՆ ֆինանսական շուկան փրկելու համար Ջորջ Բուշի վարչակազմը դիմել է ԱՄՆ Կոնգրեսին “վատ” հիպոթեկային ակտիվները գնելու համար 700 միլիարդ դոլար տրամադրել: Վերոնշյալ ծրագիրը իրականացնելու համար Դաշնային կառավարությունը նախատեսել է փոփոխություններ իրականացնել ԱՄՆ պետական պարտքի մասին օրենքում և բարձրացնել պետական պարտքի առավելագույն շեմը 10.6 տրիլիոն դոլարից մինչև 11.3 տրիլիոն դոլար:
Նախագծի մանրամասները դեռևս չեն հայտնվում, բայց ԱՄՆ նախագահի ելույթը միայն վկայում է այն մասին, որ Սպիտակ Տունը շատ լուրջ է տրամադրված:
Նախագահի խոսքերով նա սկզբում չի ցանկացել միջամտել ազատ շուկայում ընթացող գործընթացներին, բայց հետո, խորհրդակցելով մասնագետների հետ, որոշում է կայացրել կառավարության անհապաղ միջամտության օգտին:
Իր հերթին ԱՄՆ ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը կգնի այն ռիսկային ակտիվները, որոնք վտանգ են ներկայանում երկրի տնտեսության և ֆինանսական ինստիտուտների համար:
Ֆոնդային շուկաները արդեն արձագանքել են ԱՄՆ կառավարության այս որոշմանը և ԱՄՆ բոլոր բորսայական ինդեքսները առևտրային շրջանների ընթացքում աճ են գրանցել: