Վարչապետի մոտ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամային իրավիճակի հետևանքով խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը քննարկելու համար:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է խաղողի մթերումն անխափան կազմակերպելու նպատակով կառավարության կողմից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման գործիքը և դրա շրջանակում նախատեսվող մեխանիզմները:
Ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են կառավարության օժանդակությունը և շնորհակալություն հայտնել ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար՝ ընդգծելով, որ այս պայմաններում մթերումը կիրականացվի անհրաժեշտ ծավալներով:
Վարչապետ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակել ինտենսիվ քննարկումները՝ աջակցության մեխանիզմները հստակեցնելու և կառավարության որոշման նախագիծ պատրաստելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արտադրանքի իրացման ծավալների, արտահանման, շուկաների դիվեսիֆիկացման հետ կապված խնդիրներին: Այս ուղղություններով ևս վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ: