Բիզնես

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Վարչական դատարանը մերժեց ԹԻՄ-ՎԵՈՆ Արմենիա գործարքը թույլատրող ՏՄՊՊՀ որոշումը վերացնելու մասին հայցադիմումի ընդունումը
26/09/2020 12:53
Կիսվել

Վարչական դատարանը մերժեց ԹԻՄ-ՎԵՈՆ Արմենիա գործարքը թույլատրող ՏՄՊՊՀ որոշումը վերացնելու մասին հայցադիմումի ընդունումը

ՀՀ վարչական դատարանը մերժել է ՏՄՊՊՀ 09.07.2020 թվականի թիվ 282-Ա որոշումը վերացնելու մասին հայցադիմումի ընդունումը։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԹԻՄ ՍՊԸ-ից։ Ներկայացնում ենք Դատարանի որոշումն ամբողջությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ` ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«24» սեպտեմբերի 2020 թվական ք. Երևան

Վարչական գործ թիվ ՎԴ/6727/05/20

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ՝ Դատարան/ դատավոր` Էդվարդ Նահապետյան, ծանոթանալով «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կցված փաստաթղթերին

Պ Ա Ր Զ Ե Ց

«Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության /ներկայացուցիչ Արամ Օրբելյան/ կողմից 16.09.2020 թվականին հայցադիմում է ներկայացվել Դատարան (դատավոր Էդվարդ Նահապետյանի աշխատակազմին է հանձնվել 17.09.2020 թվականին) ընդդեմ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 09.07.2020 թվականի թիվ 282-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին:

Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, Դատարանը գտնում է, որ հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ նաև` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա.խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ.չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունք է վերապահված դիմել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան միայն այն դեպքում, երբ նա համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (դրանց պաշտոնատար անձանց) վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները: Այսինքն` անձի կողմից պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (դրա պաշտոնատար անձի)՝ դատարանում վիճարկվող վարչական ակտը կամ գործողությունը կամ անգործությունը պարտադիր կերպով պետք է առնչվի կոնկրետ այդ անձի իրավունքներին (սուբյեկտիվ իրավունք):

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե’ս Կարինե Ջլավյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե′ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:
Սույն գործով հայցվորը հայցադիմումով խնդրել է վերացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 09.07.2020 թվականի թիվ 282-Ա որոշումը, որով որոշվել է՝

«1. Թույլատրել, «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը՝ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով՝ հետևյալ պայմաններով,

1) ֆիզիկական անձինք Հայկ Հովիկի Եսայանը և Ալեքսանդր Հովիկի Եսայանը պարտավոր են համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո ձեռնպահ մնալ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «զ», «է», «ը» կետերով և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության 15.6-րդ կետով նախատեսված իրավունքների իրականացումից.

2) ֆիզիկական անձինք Հայկ Հովիկի Եսայանը և Ալեքսանդր Հովիկի Եսայանը պարտավոր են համակենարոնացումը գործողության մեջ դնելուց հետո ձեռնպահ մնալ «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության վերաբերյալ օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պահանջելուց և ստանալուց:

2. Համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո մեկամսյա ժամկետում ֆիզիկական անձինք Հայկ Հովիկի Եսայանը և Ալեքսանդր Հովիկի Եսայանը պարտավոր են ներկայացնել բաժնետիրական համաձայնագիր կնքելու առաջարկ և համաձայնագրի նախագիծ, որով կսահմանվեն սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված իրավունքների և գործողությունների իրականացումից Հայկ Հովիկի Եսայանի և Ալեքսանդր Հովիկի Եսայանի՝ ձեռնպահ մնալու պարտավորաթյունները:

3. ֆիզիկական անձինք Հայկ Հովիկի Եսայանը և Ալեքսանդր Հովիկի Եսայանը սույն որոշման 2-րդ կետով սահմանված պարտավորությունն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր են Հանձնաժողով ներկայացնել բաժնետիրական համաձայնագիր կնքելու առաջարկ ներկայացնելը հավաստող ապացույց և համաձայնագրի նախագիծը:

4. Ընդունել ի գիտություն, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայտնել է. որ համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնի աշխատողների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը).

5. Սույն որոշումը համապատասխանաբար ուժի մեջ է մտնում դրա պատճենը «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը, «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, ֆիզիկական անձինք Հայկ Հովիկի Եսայանին և Ալեքսանդր Հովիկի Եսայանին հանձնելուն հաջորդող օրվանից:

6. Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշման հասցեատերերի կողմից վարչական կարզով՝ ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում, դատական կարգով՝ վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում՝ բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում՝ ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

7. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը:»:

Հայցադիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ հայցվոր «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության պահանջը վերաբերում է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 09.07.2020 թվականի թիվ 282-Ա որոշումը վերացնելուն, այսինքն՝ ներկայացված պահանջով «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը հայցել է մի վարչական ակտի վերացման պահանջ, որը որևէ ձևով չի միջամտում վերջինիս իրավունքներին և օրինական շահերին, մասնավորապես՝ նշված վարչական ակտով հայցվոր ընկերության համար չեն սահմանվել, փոփոխվել, վերապահվել կամ ճանաչվել իրավունքներ և /կամ/ պարտականություններ, ինչպես նաև ուղղակիորեն իրեն վերաբերող, անձամբ իր իրավունքների խախտում, որպիսի պարագայում, Դատարանի համոզմամբ, ակներև է, որ չի կարող խոսք լինել «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության մոտ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, անմիջականորեն իր իրավունքների պաշտպանության նպատակով վարչական դատարան հայց հարուցելու իրավական շահի առկայության մասին, այսինքն՝ տվյալ դեպքում ներկայացված հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրությունից անկասկած հետևում է 09.07.2020 թվականի թիվ 282-Ա որոշման վերացման մասին պահանջի շրջանակներում հայցվոր «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության՝ «շահագրգիռ անձ» չհանդիսանալու հանգամանքը, և ըստ դրա՝ հայցվորի նման պահանջ ներկայացնելու իրավունքի բացակայությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վարչական ակտի հասկացությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը` վարչական ակտի տեսակները։ Այսպես` սույն հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն։
Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 09.07.2020 թվականի թիվ 282-Ա որոշումը գնահատել է որպես իր համար միջամտող վարչական ակտ և խնդրել է այն վերացնել, մինչդեռ Դատարանի գնահատմամբ այն չի հանդիսանում հայցվորի համար միջամտող վարչական ակտ, քանի որ չի միջամտում վերջինիս իրավունքներին և օրինական շահերին, մասնավորապես՝ նշված վարչական ակտով հայցվոր ընկերության համար չեն սահմանվել, փոփոխվել, վերապահվել կամ ճանաչվել իրավունքներ և /կամ/ պարտականություններ:

Վերոգրյալից հետևում է, որ սույն գործով հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքը ակնհայտորեն չունեցող անձի կողմից, որպիսի պայմաններում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման:

Դատարանը, հաշվի առնելով, որ հայցադիմումի ընդունումը մերժվում է, չի անդրադառնում հայցվորի կողմից ներկայացված վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությանը և հայցադիմումի ընդունելիության մյուս չափանիշների պահպանված լինելու հարցին, քանի որ այս պարագայում դրանք չունեն որևէ էական նշանակություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ, 123-րդ և 131-րդ հոդվածներով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

«Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումի ընդունումը մերժել:

Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան:

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11