Դասական համերգ՝ նվիրված Մեծ Հայրենականի Հաղթանակի 76-ամյակին․ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոն
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Կոմիտասի անվ․ կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Պատերազմի օրերի երաժշտությունը» խորագիրը կրող դասական երաժշտության համերգը։
Համերգին հնչեցին անվանի կոմպոզիտորներ Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են Հայրենական պատերազմի տարիներին։
Ներկայացվեցին Արամ Խաչատրյանի «Վալս»-ը «Դիմակահանես» բալետից (1941թ), «Օրորոցայինը «Գայանե» բալետից (1942թ), Դմիտրի Շոստակովիչի «8-րդ սինֆոնիան»՝ ի հիշատակ պատերազմի զոհերի և այլն։ Բեմում էին Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Մաքսիմ Նովիկովը (ալտ, ՌԴ), Մարիա Մաճկալյանը (ջութակ), Արտյոմ Իոանիսյանը (թավջութակ)։
«Այս դասական երաժշտության համերգով մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին։ Մենք հիշում և հպարտանում ենք հերոսներով, որոնք կերտել են Մեծ Հաղթանակը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպված դասական երաժշտության համերգը եզրափակում էր Հաղթանակի 76-ամյակին նվիրված միջոցառումները։
Համերգին զուգահեռ տեղի ունեցավ ֆոտոցուցահանդես։ Ներկայացված էին կոմպոզիտորներ Ա․ Խաչատրյանի և Դ․ Շոստակովիչի արխիվային լուսանկարները ստեղծագործական կյանքից, որոնք ևս ստեղծվել են Հայրենական պատերազմի տարիներին։
Հիշեցնենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 7-11-ը նշվում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը։ Տոնական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ինտելեկտուալ վիկտորինա՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին։ Ինտելեկտուալ պայքարում միմյանց դեմ մրցում էին հայաստանյան բուհերի ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները։
Ինտելեկտուալ խաղին զուգահեռ կայացավ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված «Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսի բացումը։ Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեցին բացառիկ լուսանկարներ, արխիվային նյութեր, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ստեղծված պլակատներ։