Այլ Լուրեր

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. հորդորում ենք մեր ժողովրդին՝ հեռու վանել եղբայրատյացությունն ու անհանդուրժողությունը
26/05/2021 19:12
Կիսվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. հորդորում ենք մեր ժողովրդին՝ հեռու վանել եղբայրատյացությունն ու անհանդուրժողությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված քահանայից ամենամյա հավաքի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ.

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարված քահանայից ամենամյա հավաքի մասնակիցները ժողովի ավարտին հանդես եկան հայտարարությամբ։

«Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս և Հայաստանի ու Արցախի թեմերում սպասավորող քահանաներս և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներս, բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին հավաքվելով Սուրբ Էջմիածնում քահանայից ամենամյա հավաքի առիթով՝
– Սուրբ Գայանե վանքում միասնաբար աղոթեցինք 103 տարի առաջ՝ մայիսյան հերոսամարտերի ժամանակ, հանուն ազգային մեր ինքնության պահպանության և մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի մարտնչած քաջորդիների, ինչպես նաև Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված հայորդիների, անհայտ կորած, գերության մեջ գտնվող և վիրավորում ստացած անձանց, տեղահանված արցախցի ընտանիքների համար։ Աղոթքով հիշեցինք նաև «վասն հայրենեաց եւ վասն հաւատոյ» իրենց արյունը հեղած մեր հոգելույս հոգևոր եղբայրներին։ Հայց բարձրացրեցինք առ Աստված Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, խաղաղության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվրդով կյանքի համար։
– Անդրադառնալով Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակին և առկա հիմնախնդիրներին ՝ մեր մտահոգությունն ենք հայտնում հայրենիքում տիրող անցանկալի մթնոլորտի և խորացող քաղաքական ճգնաժամի առիթով։ Կարևոր ենք նկատում ազգային մեր ողջ ներուժի համախմբումը՝ ի խնդիր ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների արժանապատիվ հաղթահարման, իրավիճակի կայունացման և ներկայիս պայմաններում հայրենիքի տեսլականի և հետագա զարգացման ուղենշման։
– Դատապարտելի ենք նկատում այն փաստը, որ հակառակ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, Ադրբեջանը, շարունակելով որևէ արդարացում չունեցող իր անմարդկային քաղաքականությունը, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին, ենթարկում է խոշտանգումների և նվաստացումների։
– Դատապարտում ենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի թեմի տաճարների և հայկական պատմամշակութային ժառանգության հարցում որդեգրված մերժելի ընթացքը։ Թե´ պատերազմի օրերին, թե´ հետպատերազմյան շրջանում արձանագրվեցին հայոց սրբատեղիների թիրախավորման, պղծման և ոչնչացման փաստեր։ Ավելին՝ Ադրբեջանի իշխանությունները կեղծ օրակարգ են ձևավորում հոգևոր ժառանգության շուրջ՝ փորձելով վիճարկել դրա հայկական պատկանելությունը և այն վերագրել ուդիական քրիստոնեական փոքրամասնության՝ վերջինիս ներկայացնելով որպես հնագույն Աղվանքի կրոնամշակութային ժառանգության իրավատեր։
– Խորը մտահոգությամբ ենք հետևում Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Գեղարքունիքում և Սյունիքում ստեղծված իրավիճակին, ադրբեջանական զինված ուժերի ոտնձգություններին և սադրանքներին, որոնք ուղղակի սպառնալիք են մեր հայրենիքի և սահմանամերձ բնակավայրերի անվտանգությանը։ Ցավոք, երեկ մեր դիրքերի ուղղությամբ արձակված կրակահերթերի հետևանքով ունեցանք նաև զոհ։ Մեր զորակցությունն ենք հայտնում սահմանապահ մեր խիզախ եղբայրներին, հորդորում ՀՀ Զինված ուժերին և պետական պատկան կառույցներին՝ համարժեք քայլեր ձեռնարկելու՝ ապահովելու մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիությունը։ Կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը միջոցներ գործադրել՝ կանխելու տարածաշրջանը նոր պատերազմի մեջ ներքաշել ջանացող Ադրբեջանի սադրիչ գործողությունները։ Խաղաղությանն այլընտրանք չկա, հանուն այդ խաղաղության է հեղվել մեր ժողովրդի զավակների արյունը։ Սակայն խաղաղությունը չի կարող կայուն իրողություն դառնալ արդարության ու իրավունքների ոտնահարման և անտեսման պայմաններում։
– Հայոց Եկեղեցին, իբրև մեր ազգի կյանքում իր բազմադարյա ներկայությամբ և պատմական փորձառությամբ նվիրականացած հոգևոր հաստատություն, շարունակում է պատասխանատվություն կրել Աստծո կողմից իրեն հանձնված հայ ժողովրդի և վերջինիս կողմից դարերով փայփայած ազատ ու անկախ հայրենիքի համար։ Այս պատասխանատվությունն օժտում է մեզ իբրև հոգևոր դաս ամենայն նախանձախնդրությամբ հետամուտ լինելու հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը, անցանկալի երևույթների վերհանմանը և հաղթահարմանը։
Պատերազմում պարտության, հասարակության մեջ տիրող անվստահության տրամադրությունների հաղթահարմանն ի խնդիր՝ ՀՀ կառավարության հրաժարականով պայմանավորված հայրենի երկրում անցկացվելու են նոր խորհրդարանական ընտրություններ։ Այս պայմաններում մեր սրբազան պարտքն է առավել քան երբևէ զորացնել մեզանում հոգևոր և ազգային արժեքները, որպեսզի քաղաքական այս ընտրապայքարում տեղ չգտնեն քրիստոնյա ժողովրդին անհարիր և անընդունելի իրավիճակներ՝ հանգեցնելով մեր ազգային կյանքում նոր ցնցումների և ձախողումների, պառակտումների ու պարտությունների։ Անմիաբանությունը մայրն է բոլոր չարիքների։
Վեր մնալով բոլոր տեսակի հատվածական շահերից՝ հորդորում ենք մեր ժողովրդին՝ հեռու վանել եղբայրատյացությունն ու անհանդուրժողությունը, թշնամանքն ու վրեժխնդրությունը, չտրվել կեղծիքի ու անարդարության ազդեցություններին, փոխարենը՝ զգեստավորված արդարամտությամբ, ողջախոհությամբ և ապագայի հանդեպ անձնական պատասխանատվության զգացումով՝ խղճի մտոք մասնակցել ընտրություններին։ Հայոց պատմության այս օրհասական հանգրվանում, երբ փորձվում է մեր ժողովրդի հաստատակամությունն ու ազատ կյանքի գիտակցությունը, իրավունք չունենք մեղանչելու անտարբերությամբ մեր հայրենիքի, որով և մեր համայն ազգի վաղվա օրվա հանդեպ։

Աղոթում ենք, որպեսզի Ամենազոր Աստված Իր ողորմությամբ ազգիս համախումբ պահի և իմաստություն պարգևի, որպեսզի, Ամենայն Հայոց Հայրապետի մաղթանքի համաձայն, առաջիկայում մեր ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորվի հայրենանվեր, ազգասեր և արհեստավարժ, ազգային արժեքներով առաջնորդվող իշխանություն, որն իր նվիրումով և աշխատանքով ի վիճակի կլինի դուրս բերելու հայրենի մեր երկիրը բարդ իրադրությունից, երաշխավորելու հայրենիքի անվտանգությունը, հետապնդելու ազգային մեր իրավունքները և ապահովելու արժանապատիվ կյանք ու զարգացում մեր ժողովրդի համար Հայաստանում և Արցախում»:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14