ՊԵԿ-ը ստորագրել է համագործակցության հուշագիր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ:
Հուշագրի ստորագրման համար Հայաստան են ժամանել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Վիլյամ Ուորենը, ինչպես նաև Վրաստանի գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերը:
Հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Վիլյամ Ուորենը։
Հուշագրի նպատակն է խորացնել երկու կառույցների միջև համագործակցությունը, որն ուղղված է թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործողություններից բխող՝ փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարին։
Հուշագրի ստորագրումը Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության արդյունքն է: