Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարթերային չվերթեր իրականացնելու համար առայժմ դիմել է միայն «Fly One Armenia»-ն
ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն մեկ հայտ է ստացել:
«Դեկտեմբերի 23-ին մեկ հայտ է ստացվել Fly One Armenia ընկերության կողմից 3 չարթերային չվերթ իրականացնելու համար: Հայտը ներկայումս Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է և ողջամիտ ժամկետներում կկայացնի որոշում, որն առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարը, հավելելով, որ հայտի չափորոշիչները սահմանված են Կառավարության որոշմամբ:
Zarkerak.am-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաջանյանը տեղեկացրել է, որ թռիչքների իրականացման որևէ սահմանափակում չկա, քանի որ թե ՀՀ օդային տարածքն է բաց ցանկացած երկրից իրականացվող ցանկացած թռիչքի համար, թե Թուրքիայի օդային տարածքն է փաստացի բաց ՀՀ-ի համար:
«Որևէ սահմանափակում կամ խոչընդոտ այդ թռիչքներն իրականացնելու համար չկա: Եթե որևէ սահմանափակում լիներ, ապա այդ սահմանափակումների մասին հատուկ ընթացակարգով և ձևաչափով պետք է հրապարակվեր այդ մասին: Ինչ վերաբերում է ներկայացված հայտնին, ապա այն համապատասխան ընթացակարգով կուսումնասիրվի»,- նշել է Աղաջանյանը:
Fly One Armenia-ի խորհրդի նախագահ Արամ Անանյանը նախoրեին հայտնել էր, որ չվերթեր իրականացնելու համար դիմել են ոչ միայն հայկական, այլև թուրքական պատկան մարմիններին: