ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՅՍՕՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ Է ԻՏԱԼԻԱՆ
Իտալիան «վերադարձրել է» գինու արտադրությամբ աշխարհի առաջատար երկրի իր «կոչումը», որը 2009 թվականին զիջել էր այս ոլորտում իր հիմնական մրցակից-երկրին` Ֆրանսիային: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը` հիմք ընդունելով Եվրահանձնաժողովի և իտալական Coldiretti գյուղատնտեսական կազմակերպության տվյալները:
Համաձայն այս տվյալների` 2010թ.-ին Իտալիային հաջողվել է պահպանել գինու արտադրության նախորդ տարվա նույն ծավալները, մինչդեռ Ֆրանսիայում գրանցվել է գինու արտադրության ծավալների անկում: Արդյունքում, Իտալիան արտադրել է 4,96 մլրդ լիտր գինի, իսկ Ֆրանսիան՝ 4,62 մլրդ լիտր:
Նշենք, որ Եվրոպայում գինու արտադրության ծավալներով առաջին երեք տեղերն այսօր զբաղեցնում են համապատասխանաբար Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան: Իտալական գինու խոշոր «գնորդներն» են ԱՄՆ-ն, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: